«Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի աշխատանքային խմբի հանդիպումը

28-04-2023
«Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի աշխատանքային խմբի հանդիպումը

Ս/թ ապրիլի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության 2019-2023թթ. «Արժանապատիվ աշխատանք»  ազգային ծրագրի (ԱԱԱԾ) արդյունքների գնահատման փորձագիտական խմբի աշխատանքային հանդիպումը: 

ԱԱԱԾ-ն կոչված է խթանելու արժանապատիվ աշխատանքը` որպես զարգացման քաղաքականության գլխավոր բաղադրիչ և, միևնույն ժամանակ, որպես կառավարության և սոցիալական գործընկերների ազգային քաղաքականության նպատակ: Ծրագրի  գերակա ուղղություններն են՝ աշխատանքային իրավահարաբերությունների կատարելագործումը, սոցիալական գործընկերության ուժեղացումը, ՀՀ-ում զբաղվածության քաղաքականության բարելավումն ու կանանց և  տղամարդկանց զբաղվածության կարողությունների ընդլայնումը:  

Ապրիլի 28-ը հիշարժան է նաև որպես «Առողջ և անվտանգ աշխատանքի» միջազգային օր:

Կլոր-սեղան քննարկմանը մասնակցեցին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական  համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների Գրասենյակի տնօրեն Օլգա Կուլաևան,  Աշխատանքի միջազգային կազմակերպության ԱԱԱԾ-ի  աշխատանքային խմբի անդամներ, ինչպես նաև եռակողմ սոցիալական գործընկերներ՝ Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ Գագիկ Մակարյանը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

Քննարկման ընթացքում ներկայացվեցին առաջարկություններ հաջորդ «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի գերակայությունների, մշակման և իրականացման ընթացքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ԱԱԱԾ-ն արտացոլում է ՀՀ կառավարության, մասնավորապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության և Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի գերակայությունները և համահունչ է ԱՄԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային առաջնահերթություններին՝ համաձայն Եվրոպայի տարածաշրջանային տասներորդ համաժողովում ընդունված տարածաշրջանային նախաձեռնության:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ