Սեմինար` նվիրված մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը

27-11-2026
Սեմինար` նվիրված մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը

Նոյեմբերի 26-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարումը՝ բիզնեսի աճի և մրցունակության գործոն» թեմայով հանդիպում-սեմինար, որը վարեց ՄՌԿ փորձագետ, բիզնես թրեյներ, մասնագիտական գրքերի հեղինակ, «Բվիկ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Ջուլիա Վարդանյանը։

Հանդիպման նպատակն էր նպաստել Միության անդամ կազմակերպությունների ղեկավարների և մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների իրազեկվածության բարձրացմանը մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման ժամանակակից մոտեցումների և գործիքների վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրել դրանց կիրառման հնարավորությունները կազմակերպության արդյունավետ գործունեության և զարգացման համատեքստում։

Սեմինարի ընթացքում մասնակիցներն անդրադարձան ՄՌԿ առանցքային գործառույթներին, քննարկեցին, թե ինչպես կարող է մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարումը նպաստել կազմակերպությունների զարգացմանը, աշխատակիցների ներուժի բացահայտմանը և բիզնեսի մրցունակության բարձրացմանը։ Առանձին ուշադրություն դարձվեց ՄՌԿ-ի՝ որպես բիզնեսի ռազմավարական գործընկերոջ դերին, ՄՌԿ գործընթացների արդյունավետության գնահատման մեթոդներին, աշխատակիցների զարգացման և կազմակերպության տնտեսական արդյունքների միջև կապին, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման գործում բիզնեսի ղեկավարների դերին և պատասխանատվությանը։

Կարևորելով անդամ կազմակերպությունների կառավարչական կարողությունների զարգացումը և գործնական գիտելիքների ու ժամանակակից կառավարման գործիքների հասանելիության ապահովումը՝ Միությունը շարունակելու է նախաձեռնել մասնագիտական հանդիպումներ, սեմինարներ և կարողությունների զարգացմանն ուղղված այլ միջոցառումներ՝ աջակցելով անդամ կազմակերպությունների արդյունավետ կառավարմանը, կայուն զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը։

More news on #tags

LATEST NEWS