Տեղի ունեցավ «Վերականգնվող էներգիայի ոլորտում աշխատուժի ներուժի հզորացում» ծրագրի աշխատանքային խմբի հանդիպումը
Հունիսի 9–10-ը տեղի ունեցավ «Վերականգնվող էներգիայի ոլորտում աշխատուժի ներուժի հզորացում» (Strengthening Workforce Potential in the Renewable Energy Sector - REnForce) Էրազմուս+ միջազգային ծրագրի աշխատանքային խմբի երկօրյա հանդիպումը, որին մասնակցում էին ծրագրի կառավարման խորհրդի անդամներ՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ Մարիա Խախամյանը և գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը։



«REnForce»-ը եռամյա ծրագիր է, որը մեկնարկել է 2025 թվականի հունվարից։ Այն նպատակ ունի արդիականացնել վերականգնվող էներգիայի ոլորտի մասնագիտական կրթական ծրագրերը, խթանել աշխատանքի վրա հիմնված ուսուցումը և ամրապնդել կրթական հաստատությունների և աշխատաշուկայի միջև համագործակցությունը։


Ծրագիրն իրականացվում է հայաստանյան և միջազգային մի շարք բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ու կազմակերպությունների համատեղ գործընկերությամբ, մասնավորապես` Հայաստանի գործատուների հանրապետական միությանը, «Արփի Սոլար» ընկերության, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջի, ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի, Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջի, ինչպես նաև Լատվիայի RISEBA կիրառական գիտությունների համալսարանի, Չեխիայի «Շկոդա Ավտո» համալսարանի, Green Tech Latvia և բելգիական IHF asbl կազմակերպությունների միջև սերտ համագործակցությամբ։
Ծրագրում առանցքային դերակատարում ունի Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, որը ծրագրի նախնական փուլում արդեն իրականացրել է արևային էներգիայի ոլորտի գործատուների շրջանում կարիքների գնահատման հարցում։ Հարցման նպատակն էր վերհանել աշխատաշուկայի արդի պահանջները՝ դրանց հիման վրա մշակելու ժամանակակից և կիրառելի կրթական ծրագիր, որը կհամապատասխանի ոլորտի զարգացող միտումներին։
Հունիսի 9-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջում տեղի ունեցավ աշխատաժողով, որի ընթացքում ամփոփվեցին հունվարից առ այսօր իրականացված աշխատանքները և նախանշվեցին առաջիկա քայլերը։ Քոլեջում կազմակերպվեց նաև շրջայց, որի ընթացքում աշխատանքային խմբի անդամները ծանոթացան ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազային, հնարավորություն ունեցան տեղում տեսնելու ուսումնական գործընթացը, շփվելու դասախոսների և ուսանողների հետ, ինչպես նաև գնահատելու մասնագիտական կրթության մատուցման գործնական բաղադրիչը։
Հունիսի 10-ին ծրագրի աշխատանքային խմբի անդամների համար կազմակերպվեց ուսումնաճանաչողական այց ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան՝ տեղում ծանոթանալու «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտական կրթական ծրագրի ուսումնական գործընթացին, որի շրջանակում ուսանողները ներկայացրեցին իրենց նախագծային աշխատանքները։


Հանդիպումն ուղեկցվեց ակտիվ քննարկումներով վերականգնվող էներգիայի ոլորտի խնդիրների և զարգացման միտումների հեռանկարների շուրջ։ Քննարկվեցին նաև արևային էներգիայի ոլորտի ընկերությունների միջև համագործակցության հնարավորությունները, ծրագրով նախատեսված ասոցիացիա ստեղծելու առաջիկա անելիքները, ինչպես նաև ներկայացվեց «Solar Force» ռեսուրս-կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը, որը կհանդիսանա որպես վերապատրաստման, գիտելիքների փոխանցման և համագործակցության հարթակ ոլորտի մասնագետների և ուսումնական հաստատությունների համար։

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը հանդես է գալիս որպես համակարգող կողմ ծրագրի վերջնարդյունքի կարևոր ուղղություններից մեկում՝ արևային էներգիայի ոլորտի ընկերությունների ասոցիացիայի և ռեսուրս-կենտրոնի ստեղծման գործընթացում, որը նպատակաուղղված է մասնագիտական համայնքի սերտ համագործակցությանը և վերականգնվող էներգիայի զարգացումն ապահովող կայուն ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորմանը Հայաստանում։
Ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է ծրագրի հայաստանյան գործընկերների ղեկավար կազմի և դասախոսների վերապատրաստում Լատվիայի կիրառական գիտությունների RISEBA համալսարանում և Victoria միջին մասնագիտական հաստատությունում։
101183074 — REnForce — ERASMUS-EDU-2024-CB-VET ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։





վերջին նախագծեր
-
20-նոյեմբերի-2026Բիզնես ստեղծելը մեկ բան է։ Այն զարգացնելը, ուժեղ թիմ ձևավորելը և մարդկանց միավորելը մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ բոլորովին այլ։
-
12-սեպտեմբերի-2025Սեպտեմբերի 6-ին ավարտվեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի նպատակն էր զարգացնել շահառուների բիզնես հմտություններն ու աջակցել սեփական բիզնես սկսելու գործնական քայլերում։
-
29-օգոստոսի-2025Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի երրորդ փուլն անցկացվում է հիբրիդ ձևաչափով՝ համատեղելով ինչպես առկա, այնպես էլ առցանց հանդիպումները։