ԱՄԿ գործընկերների հետ քննարկվեցին ոլորտային միությունների հզորացման և համագործակցության ընդլայնման հեռանկարները

18-04-2026
ԱՄԿ գործընկերների հետ քննարկվեցին ոլորտային միությունների հզորացման և համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ ապրիլի 16-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ), գործատուների հարցերով բյուրոյի տնօրեն Դեբորա Ֆրանսեի և ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի գործատուների հարցերով ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչի մասնակցությամբ հանդիպում ոլորտային միությունների և ասոցիացիաների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտային միությունների հետ համագործակցության զարգացման հեռանկարները, Միության անդամակցման և ոլորտային կառույցների միջև կապերի խորացման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։ Քննարկումն անցավ ակտիվ և կառուցողական մթնոլորտում․ մասնակիցները բարձրաձայնեցին իրենց ոլորտներին առնչվող մի շարք հարցեր, ներկայացրին առկա մարտահրավերներն ու զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև ուղղեցին հարցեր գործատուների շահերի պաշտպանության առավել արդյունավետ մեխանիզմների ձևավորման վերաբերյալ։

ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը ներկայացրեց միության ընթացիկ գործունեությունն ու ռազմավարական ուղղությունները՝ առանձնահատուկ շեշտադրելով միջազգային համագործակցության ընդլայնումը։ Նա տեղեկացրեց, որ Միությունը վերջերս անդամակցել է Գործատուների միջազգային կազմակերպությանը (IOE), ինչը կարևոր քայլ է գործատուների ձայնը միջազգային հարթակներում ներկայացնելու, ինչպես նաև առաջատար փորձի փոխանակման տեսանկյունից։

ԱՄԿ գործատուների հարցերով բյուրոյի տնօրեն Դեբորա Ֆրանսեն հատկապես կարևորեց գործատուների շահերի արդյունավետ ներկայացման, սոցիալական գործընկերության ամրապնդման և աշխատանքային հարաբերությունների բարելավման ուղղությամբ համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։

Գործատուների հարցերով ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչն իր խոսքում ընդգծեց, որ ուժեղ և ներգրավված ոլորտային միությունները կարևոր դեր ունեն քաղաքականությունների ձևավորման գործընթացում և նրանց միավորումն ու հզորացումը կարևոր նախապայման է գործատուների շահերի համակարգված և ազդեցիկ ներկայացման համար։ Նա նաև վերահաստատեց ԱՄԿ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի գործատուների կարողությունների զարգացմանն ու ինստիտուցիոնալ հզորացմանը։

Քննարկումներն ընդգծեցին կարողությունների զարգացման, միջազգային լավագույն փորձի կիրառման և համագործակցության նոր հնարավորությունների ընդլայնման կարևորությունը՝ ուղղված ինստիտուցիոնալ համագործակցության զարգացմանը։

Կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու հանդիպումները և համատեղ ջանքերով նպաստելու գործընկերության ամրապնդմանը։

https://www.youtube.com/watch?v=EEqHxiViRmg

https://www.youtube.com/watch?v=PoTf4_V_Nrg

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ