ԱՄԿ միջազգային փորձագետը ներկայացրեց շահերի պաշտպանության և լոբբինգի ռազմավարական մոտեցումները
Դեկտեմբերի 12-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Շահերի պաշտպանության ռազմավարություն» թեմայով սեմինար, որը վարեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) փորձագետ, Թուրինի վերապատրաստման կենտրոնի (ITC Turin) ծրագրերի ղեկավար Պաոլո Սալվայը։


Սեմինարը կազմակերպվել էր Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) սերտ համագործակցությամբ, որի նպատակն էր ներկայացնել շահերի պաշտպանության և լոբբինգի ժամանակակից ու կիրառելի մոտեցումները, ռազմավարական պլանավորման հիմնական սկզբունքները, ինչպես նաև այն գործիքներն ու մեթոդները, որոնք հնարավորություն են տալիս ասոցիացիաներին և միություններին առավել արդյունավետ կերպով ներկայացնել և պաշտպանել իրենց անդամների շահերը։
Սեմինարին մասնակցում էին շուրջ 25 տարբեր ոլորտների ասոցիացիաների և միությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։


Իր բացման խոսքում ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանն ընդգծեց թեմայի կարևորությունը՝ նշելով, որ շահերի պաշտպանությունն ու լոբբինգը ՀԳՀՄ գործունեության առանցքային ուղղություններից է։ Նա ներկայացրեց այն գործնական օրինակները, երբ ՀԳՀՄ-ի կողմից իրականացված հետևողական լոբբինգի արդյունքում հնարավոր է եղել լսելի դարձնել գործատուների ձայնը, բարձրաձայնել բիզնես համայնքի խնդիրները և օրենսդրական առաջարկների միջոցով հասնել դրանց ընդունմանը։ Վահագն Համբարձումյանի խոսքով՝ արդյունավետ լոբբինգը պետք է հիմնված լինի ոչ թե առանձին անհատի կամ կազմակերպության մասնավոր շահի, այլ ամբողջ ոլորտը ներկայացնող գործատուների և տնտեսության զարգացմանը միտված համընդհանուր շահերի վրա։
ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի զբաղվածության ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչն իր ելույթում կարևորեց գործատուների միավորումների ինստիտուցիոնալ դերի ամրապնդումը քաղաքականության ձևավորման գործընթացում։ Նա ընդգծեց, որ մասնագիտական փաստարկների վրա հիմնված շահերի պաշտպանությունը, սոցիալական գործընկերության զարգացումն ու երկխոսությունը պետական մարմինների հետ առանցքային նշանակություն ունեն արժանապատիվ աշխատանքի, զբաղվածության աճի և սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման համար։




Սեմինարի հիմնական բանախոս Պաոլո Սալվայը մանրամասն ներկայացրեց լոբբինգի և շահերի պաշտպանության ռազմավարության ձևավորման հիմնական քայլերը։ Նա ընդգծեց, որ հաջող շահերի պաշտպանությունը պետք է լինի ռազմավարական, նպատակային և հստակ մշակված քաղաքականության շրջանակում։ Իր ներկայացման ընթացքում Պաոլո Սալվայը կարևորեց հետևյալ հիմնական բաղադրիչները՝
- լոբբինգային արշավի հստակ նպատակի սահմանումը և սպասվող արդյունքի ձևակերպումը,
- շահակիցների (stakeholders) քարտեզագրումը՝ ըստ ազդեցության, հետաքրքրվածության և դիրքորոշման,
- կազմակերպության ներքին կարողությունների գնահատումը և թիմային աշխատանքի կարևորությունը,
- տվյալների և հետազոտությունների վրա հիմնված շահերի պաշտպանությունը՝ ընդգծելով, որ ժամանակակից լոբբինգը չի կարող հիմնվել միայն ենթադրությունների կամ առանձին կարծիքների վրա,
- դիրքորոշման փաստաթղթերի (position paper) մշակումը՝ որպես պետական մարմինների հետ հաղորդակցության և հանրային քննարկումների վրա ազդելու կարևոր գործիք,
- ռազմավարական հաղորդակցության դերը՝ մեդիայի և թվային հարթակների արդյունավետ օգտագործմամբ,
- իրականացված գործունեության մշտադիտարկումն ու արդյունքների գնահատումը՝ հստակ չափորոշիչների (KPI-ների) միջոցով։
Պաոլո Սալվայը նաև անդրադարձավ լոբբինգի ընթացքում հաճախ հանդիպող սխալներին՝ ընդգծելով, որ հաջողությունը կախված է ոչ միայն բիզնեսի շահերի ներկայացումից, այլ դրանց կապակցումից հանրային շահի, համայնքների զարգացման և սոցիալական արդարության հետ։

Սեմինարը եզրափակվեց ակտիվ հարցուպատասխանի և քննարկման փուլով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնել իրենց խնդիրները, ներկայացնել առկա փորձը և ստանալ գործնական խորհուրդներ շահերի պաշտպանության ռազմավարության մշակման և իրականացման վերաբերյալ։ Սեմինարը ևս մեկ քայլ էր գործատուների և տարբեր ոլորտների ասոցիացիաների կարողությունների զարգացման և շահերի պաշտպանության ավելի համակարգված մոտեցումների ձևավորման ուղղությամբ։
















ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: