Առցանց հանդիպումներ գործատուների միությունների գործունեությանը վերաբերող օրենսդրական կարգավորումների շուրջ

10-12-2024
Առցանց հանդիպումներ գործատուների միությունների գործունեությանը վերաբերող օրենսդրական կարգավորումների շուրջ

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի Աշխատանքի միջազգային կազմակերպության Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական բաժնի գործատուների ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչի կողմից Հայաստանի գործատուների հանրապետական միության անձնակազմի համար կազմակերպվեցին առցանց հանդիպում-քննարկումներ «Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենսդրական նախագծի վերաբերյալ:

Նշենք, որ ներկայումս Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի նախաձեռնությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ գործատուների միությունների գործունեությանը վերաբերող օրենսդրական կարգավորումների վերանայման շրջանակում առանձին հարցերի վերաբերյալ լուծումներ գտնելու և համապատասխան կարգավորումներ ամրագրելու նպատակով։ Աշխատանքային խմբում ներառված են ՀՀ ԱՍՀ նախարարության և այլ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց հետ պարբերաբար կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ` օրենքում առկա խնդիրների ու բացթողումների վերհանման և դրանց լուծումների վերաբերյալ օրենսդրական առաջարկների ձևավորման համար։

Գործատուների ներկայացուցչական կազմակերպություններն այն կազմակերպություններն են, որոնք կարող են ընդհանուր առմամբ ներկայացնել գործատուներին ազգային և միջազգային կառույցներում։ Իսկ գործատուների ներկայացուցչական կազմակերպություն ճանաչվելու համար կազմակերպությունը պետք է համապատասխանի «Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին` սույն օրենքով սահմանված կարգով:

Կազմակերպված առցանց ինտերակտիվ հանդիպումները բավականին արդյունավետ էին, որոնց ընթացքում ԱՄԿ փորձագետ Վլադիմիր Չուրովիչը մանրամասն ներկայացրեց գործատուների միությանը վերաբերող այն բոլոր վավերապայմանները, քանակական և որակական չափորոշիչները, որոնք պետք է հստակ ամրագրված լինեն օրենքում։

ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց գործատուների միությունների գործունեությանը վերաբերող օրենսդրական կարգավորումների ուղղությամբ կազմակերպված այս ինֆորմատիվ ու հագեցած սեմինարների կազմակերպման համար` ընդգծելով, որ հնչեցված բոլոր դիտարկումները հաշվի կառնվեն հետագայում աշխատանքային խմբի քննարկումների ընթացքում։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ