Արժանապատիվ աշխատանք և անվտանգ միջավայր՝ համատեղ քննարկման առանցքում

28-04-2026
Արժանապատիվ աշխատանք և անվտանգ միջավայր՝  համատեղ քննարկման առանցքում

Ապրիլի 28-ին, Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ, կայացավ «Արժանապատիվ աշխատանք և անվտանգ միջավայր» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ։

Միջոցառմանը մասնակցում էին պետական գերատեսչությունների, սոցիալական գործընկերության, գործարար համայնքի և ոլորտում շահագրգիռ միջազգային և տեղական կառույցների ներկայացուցիչներ՝ ընդգծելով անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորման և արժանապատիվ աշխատանքի ապահովման միասնական օրակարգի կարևորությունը։

Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, ով իր ելույթում ընդգծեց անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորման համատեքստում սոցիալական երկխոսության և պետություն–գործատու–արհմիություններ սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

Նա նաև կարևորեց ԱՄԿ (International Labour Organization) աշխատանքի անվտանգության և առողջությանն առնչվող հիմնարար կոնվենցիաների վավերացումը` որպես միջազգային իրավական հենք, որը թույլ կտաներդնել կառավարման ժամանակակից չափանիշներ։

Վահագն Համբարձումյանն անդրադարձավ նաև զարգացած երկրների փորձին՝ նշելով, որ անվտանգությունը ձևավորված է ոչ միայն որպես պարտադրանք, այլև որպես մշակույթ, ինչի արդյունքում տնտեսությունն ավելի մրցունակ և կայուն է զարգանում։ Հետևաբար, աշխատանքի անվտանգությունն ու առողջության պահպանումը պետք է դիտարկել ոչ միայն որպես օրենսդրական պարտավորություն, այլ նաև որպես ռազմավարական ներդրում՝ ուղղված մարդկային կապիտալի պահպանմանը, բիզնեսի կայուն զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը։

Միջոցառման շրջանակում կայացած պանելային քննարկման ընթացքում ՀԳՀՄ նախագահի տեղակալ Նարե Սարգսյանը ներկայացրեց աշխատանքի անվտանգության ոլորտում առկա ժամանակակից մարտահրավերներն ու հնարավոր լուծումները։

Միությունը կարևորում է նմանատիպ քննարկումների պարբերական կազմակերպումը՝ տարբեր կողմերի դիրքորոշումները ներկայացնելու, առկա խնդիրները բացահայտելու և համատեղ լուծումներ գտնելու նպատակով՝ ի նպաստ Հայաստանում արժանապատիվ և կայուն աշխատանքային միջավայրի ձևավորման։

 

 

 

 

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ