ԱՍՀ նախարարն ընդունեց ԱՄԿ Գործատուների հարցերով բյուրոյի տնօրենին

15-04-2026
ԱՍՀ նախարարն ընդունեց ԱՄԿ Գործատուների հարցերով բյուրոյի տնօրենին

Ապրիլի 15-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Գործատուների հարցերով բյուրոյի տնօրեն Դեբորահ Ֆրանսեին։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը, գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, ինչպես նաև ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի Գործատուների հարցերով ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչը։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ԱՄԿ-ի հետ համագործակցության ամրապնդման, սոցիալական գործընկերության զարգացման, գործարար համայնքի հետ փոխգործակցության խորացմանը միտված հարցերին։

ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց նշված ուղղություններով իրականացվող համատեղ քայլերը, արձանագրված առաջընթացն ու ձեռքբերումները՝ կարևորելով սոցիալական երկխոսության ամրապնդմանն ուղղված հետևողական աշխատանքները։

ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանն անդրադարձավ «Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքի նախագծում կատարված փոփոխություններին՝ ընդգծելով դրանց նշանակությունը գործատուների միությունների ինստիտուցիոնալ կայացման և կարողությունների զարգացման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում համատեղ քննարկվեց նաև սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ զարգացման ընթացքը, այդ թվում՝ Հանրապետական կոլեկտիվ պայմանագրով սահմանված առաջնահերթությունների իրականացումը։ Ընդգծվեց, որ պայմանագիրը նպաստում է ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի միջև եռակողմ համագործակցության խորացմանը և փոխվստահության ամրապնդմանը, որի առանցքային նպատակն է աշխատողների և գործատուների շահերի հավասարակշռված պաշտպանության ապահովումն ու արդյունավետ երկխոսության կառուցումը։

ԱՄԿ Գործատուների հարցերով բյուրոյի տնօրեն Դեբորահ Ֆրանսեն բարձր գնահատեց սոցիալական գործընկերության զարգացմանն ուղղված ջանքերը  և հայտնեց  Աշխատանքի միջազգային կազմակերպության պատրաստակամությունը՝ շարունակաբար աջակցելու այդ գործընթացին։

Կողմերը ընդգծեցին համագործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ նպաստելու զբաղվածության աճին և կայուն տնտեսական զարգացմանը։

Հիշեցնենք, որ Աշխատանքի միջազգային կազմակերպություն (ԱՄԿ) Գործատուների հարցերով բյուրոյի տնօրեն Դեբորահ Ֆրանսեն Հայաստանի գործատուների հանրապետական միության հրավերով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու ապրիլի 17-ին կայանալիք «Տնտեսության ֆորմալացումը՝ որպես բիզնեսի աճի նախապայման» խորագրով համաժողովին։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ