Աշխատաշուկայի արդի մարտահրավերները` ՀԳՀՄ և ԱՄԿ հանդիպման օրակարգում

10-07-2025
Աշխատաշուկայի արդի մարտահրավերները` ՀԳՀՄ և ԱՄԿ հանդիպման օրակարգում

Հուլիսի 10-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը հյուրընկալեց Աշխատանքի միջազգային կազմակերպության պատվիրակությանը` ի դեմս ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանի, ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի աշխատանքի տեղավորման ավագ մասնագետ Կազուտոշի Չատանիի, ԱՄԿ Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության թիմի ծրագրերի համակարգող Վարդուհի Ավանեսյանի։

Հանդիպման նպատակն էր համատեղ քննարկել և վերհանել աշխատանքի շուկայի առկա մարտահրավերները և մշակել ծրագրային առաջարկներ` ուղղված զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը։ Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձան արժանապատիվ աշխատանքի ապահովման, գործազրկության նվազեցման, սոցիալական ձեռնարկատիրության զարգացման և երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծման հարցերին։ Քննարկման առանձին ուղղություններից էր ինչպես օտարերկրյա միգրանտների ինտեգրումը, այնպես էլ հայ միգրանտների վերադարձի և վերաինտեգրման հետ կապված խնդիրների գնահատումը։ Անդրադարձ կատարվեց միգրանտների զբաղվածության խթանմանը, իրավական պաշտպանության և սոցիալական ներառման կարևորությանը։

Քննարկման ընթացքում Լիլիթ Ադամյանը կարևորեց ԱՄԿ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով դրա նշանակությունը զբաղվածության ոլորտի քաղաքականության արդիականացման, նորարարական լուծումների կիրառման և երիտասարդների շրջանում անհրաժեշտ աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին համապատասխան հմտությունների զարգացման գործում։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀԳՀՄ անդամ Սոցիալական ձեռներեցների դպրոցի հիմնադիր տնօրեն Գոհար Մկոյանը, ով ներկայացրեց համայնքներում իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը։ Նա ընդգծեց չլուծված սոցիալական խնդիրներին արձագանքելու անհրաժեշտությունն ու ներկայացրեց մի շարք նորարարական մոտեցումներ դրանց հաղթահարման ուղղությամբ։

ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի աշխատանքի տեղավորման ավագ մասնագետ Կազուտոշի Չատանին իր խոսքում ներկայացրեց ինչպես ԱՄԿ կողմից տարածաշրջանում իրականացված ծրագրերը, այնպես էլ առաջիկայում նախատեսվող նախաձեռնությունները։ Նա առանձնահատուկ ընդգծեց աշխատաշուկայի ճկունության բարձրացման, սոցիալական պաշտպանության համակարգերի կատարելագործման, կանանց և խոցելի խմբերի զբաղվածության խթանման, ինչպես նաև ՀՀ մարզերում սոցիալական ձեռներեցության ներուժի զարգացման ուղղություններով իրականացվելիք ծրագրերի մշակումն ու իրագործումը։

Կողմերը վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը՝ համագործակցել համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակում՝ ի նպաստ Հայաստանում արժանապատիվ աշխատանքի սկզբունքների կիրառման և ներառական աշխատաշուկայի զարգացման։

 

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ