Ավարտվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները
.jpg?token=10d6f6611113c07c22b532de04ebc979)
Սեպտեմբերի 6-ին ավարտվեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երրորդ խմբի դասընթացները։ Ծրագրի նպատակն էր զարգացնել շահառուների բիզնես հմտություններն ու աջակցել սեփական բիզնես սկսելու գործնական քայլերում։
Ծրագրի երրորդ խմբի դասընթացներն իրականացվեցին հիբրիդ ձևաչափով` համատեղելով առկա և հեռավար ուսուցումը, ինչը հնարավորություն տվեց ընդլայնել ծրագրի աշխարհագրական հասանելիությունը և ապահովել ՀՀ տարբեր մարզերում բնակվող շահառուների մասնակցությունը դասընթացներին։
Օգոստոսի 12-ից մեկնարկած մեկամսյա ինտենսիվ դասընթացի արդյունքում մասնակիցները հնարավորություն ունեցան զինվելու նոր գիտելիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են սեփական բիզնեսի ստեղծման, կառավարման և կայուն զարգացման համար։ Նրանք ծանոթացան ձեռնարկատիրական գործունեության հիմունքներին, բիզնեսի կազմակերպման իրավակարգավորումներին, ֆինանսական պլանավորման սկզբունքներին, շուկայական վերլուծության մեթոդներին և ՀՀ-ում բիզնես գործունեության օրենսդրական ու հարկային դաշտի հիմնական պահանջներին։
Մասնակիցները սովորեցին մշակել բիզնես պլաններ, հաշվարկել ինքնարժեք, օգտվել ֆինանսական կառավարման գործիքներից, հասկանալ բյուջետավորման կառուցվածքը և կիրառել տեղեկատվական վերլուծական աղբյուրներ։ Դասընթացների ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ֆինանսական կազմակերպությունների և կապիտալի ներգրավման տարբեր աղբյուրներին, քննարկվեցին ֆինանսավորման հնարավոր եղանակները և համագործակցության արդյունավետ մոդելները։
Դասընթացները վարում էին ոլորտում փորձառու մասնագետներ՝ ՀԳՀՄ Խորհրդի անդամ, տնտեսագիտության տեսաբան և ֆինանսիստ Միհրան Թադևոսյանը և ՀԳՀՄ Խորհրդի անդամ, Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ, տ.գ.թ. Սողոմոն Միրզոյանը։
Մասնակիցներն իրենց երախտագիտությունը հայտնեցին ծրագրի կազմակերպիչներին` ընդգծելով, որ ծրագիրը բացառիկ հնարավորություն ստեղծեց նրանց համար ձեռք բերելու արժեքավոր գիտելիքներ, որոնց շնորհիվ նրանք կկարողանան ձեռնարկել նոր բիզնես գործունեություն` դրանով իսկ ապահովելով կայուն եկամուտներ։
Երրորդ խմբի աշխատանքներով եզրափակվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի իրականացումը, որի արդյունքները կներկայացվեն առաջիկայում նախատեսվող ծրագրի ամփոփիչ համաժողովի ընթացքում։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ԱՄԿ աջակցությամբ՝ ՀՀ-ում ֆորմալացման խթանման նախաձեռնության շրջանակում։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: