Բիզնեսի ապագան արհեստական բանականության դարաշրջանում

08-08-2025
Բիզնեսի ապագան արհեստական բանականության դարաշրջանում

Հուլիսի 16–31-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամների կարողությունների հզորացման ծրագրի շրջանակներում իրականացվեց դասընթացների շարք՝ ուղղված ձեռներեցների դրական իմիջի ձևավորմանը սոցիալական տարբեր հարթակներում արհեստական բանականության (ԱԲ) գործիքակազմի միջոցով։

Դասընթացները վարեց «100 և 101 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերների հեղինակ, AI Ակադեմիայի համահիմնադիր Վահագն Դիլբարյանը, ով իր մասնագիտական հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցեց մասնակիցներին՝ կիրառելով ժամանակակից և գործնական մոտեցումներ։

Դասընթացի շրջանակներում մասնակիցներն ուսումնասիրեցին նյութերի բովանդակության ստեղծման արդի մեթոդներն ու եղանակները, որոնք անհրաժեշտ են բրենդի տեսանելիության բարձրացման, լսարանի ներգրավման և վստահության հաստատման համար։ Հատուկ ուշադրություն դարձվեց կոնտենտի տարբեր ձևաչափերին մարքեթինգի ռազմավարության տեսանկյունից` հաշվի առնելով բլոգի, տեսանյութի, փոդքաստի, հոդվածի և այլ վիզուալ կոնտենտի առանձնահատկությունները:

Ներկայացվեցին սոցիալական մեդիայի ալգորիթմների սկզբունքները, ինչպես նաև ԱԲ-ի գործիքների կիրառման հնարավորությունները վերլուծությունների, թիրախավորման և լսարանի ակտիվ ներգրավման գործընթացներում սոցիալական մեդիայի օպտիմալացման նպատակով։ Վահագն Դիլբարյանն անդրադարձավ նաև արտադրողականության բարձրացման, գործառույթների ավտոմատացման, ռեսուրսների օպտիմալ կառավարման և մրցունակության ամրապնդման գործընթացում ԱԲ-ի ինտեգրման ձևերին։

Դասընթացներն անցկացվեցին ինտերակտիվ ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները տեղում ներդրեցին ստացած գիտելիքները՝ կիրառելով արհեստական բանականության արդի գործիքներն ու մոտեցումները ինչպես բիզնեսի, այնպես էլ անձի բրենդի առաջխաղացման համար։

Շնորհակալություն ենք հայտնում Վահագն Դիլբարյանին նորարարական գիտելիքներով ու գործնական հմտություններով մասնակիցներին զինելու և ԱԲ գործիքակազմի հնարավորությունները բիզնես մարքեթինգի ոլորտում բացահայտելու համար, որի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին ժամանակակից տեխնոլոգիական լուծումների միջոցով սեփական բրենդը մրցունակ ներկայացնելու կարողություններ։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ