Ամփոփվեցին Կարողությունների Հզորացման Ծրագրի արդյունքները. ինքնազբաղվածության և տնտեսական ինտեգրման նոր հնարավորություններ ԼՂ-ից տեղահանված անձանց համար

15-09-2025
Ամփոփվեցին Կարողությունների Հզորացման Ծրագրի արդյունքները. ինքնազբաղվածության և տնտեսական ինտեգրման նոր հնարավորություններ ԼՂ-ից տեղահանված անձանց համար

Սեպտեմբերի 12-ին կայացավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) կողմից իրականացվող Կարողությունների Հզորացման Ծրագրի ամփոփիչ համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, Աշխատանքի Միջազգային Կազմակերպության Ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը և բազմաթիվ հրավիրյալ անձինք միջազգային և տեղական գործընկեր կազմակերպություններից։

Միջոցառմանն առցանց միացել էին նաև ԱՄԿ գլխավոր տնօրենի օգնական, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսը և նույն տարածաշրջանի գրասենյակի գործատուների գործունեության ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչը։

Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը, ով նշեց, որ ծրագիրն իրականացվել է երկու հիմնական մոդուլներով` ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ու ՀԳՀՄ անդամների կարողությունների հզորացմանը։ Վ.Համբարձումյանն ընդգծեց, որ ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերն առանցքային նշանակություն ունեն Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում` խթանելով ոչ միայն տնտեսական երկարաժամկետ աճը, այլև նպաստելով աշխատաշուկայի կայունությանն ու բարեփոխումների իրականացմանը, որի արդյունքում ստեղծվում են նոր պրակտիկ և հասանելի հնարավորություններ ձեռնարկատերերի գործունեության զարգացման համար։

Մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց նաև Բեատե Անդրեեսը, ով նշեց ծրագրի էական ազդեցությունը արժանապատիվ աշխատատեղերի ստեղծման, ձեռներեցության զարգացման և ֆորմալացման խթանման ուղղությամբ։ ԱՄԿ-ի տարածաշրջանային տնօրենը բարձր գնահատեց Միության սերտ համագործակցությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, ինչը հնարավորություն է տալիս համատեղ լուծել կարևոր սոցիալ-տնտեսական հարցերը, նպաստել աշխատաշուկայի կայունության ամրապնդմանը և խթանել հավասար հնարավորությունների ապահովումը՝ հատկապես այն շրջաններում, որտեղ տեղահանված անձանց համար գործնական լուծումների կարիք կա։

Ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, ովքեր մեծապես կարևորեցին նախաձեռնության նշանակությունը նոր աշխատատեղերի ստեղծման, երկրի առջև ծառացած տարբեր մարտահրավերների հաղթահարման գործընթացում սոցիալական ներառականության և տնտեսական ինտեգրման հարցերը` հատկապես Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար կայուն ինքնազբաղվածության և եկամտի հնարավորությունների ապահովման առումով:

ԱՄԿ Ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը նույնպես կարևորեց ծրագրի իրագործումը` մասնավորապես նշելով, որ ձեռներեցության զարգացումը սոցիալական ներառման կարևոր բաղադրիչ է և ապահովում է խոցելի խմբերի համար այն աջակցությունն ու հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են լիարժեք մասնակցելու տնտեսական և սոցիալական կյանքին:

Ծրագրի արդյունքները ներկայացրեց ՀԳՀՄ տնօրեն Լիլիթ Ադամյանը, ով ընդգծեց, որ ծրագիրը բացառիկ հնարավորություն էր շուրջ 70 շահառուի համար մեկամսյա ինտենսիվ դասընթացների միջոցով ձեռք բերելու ձեռնարկատիրական գործունեությանը վերաբերող արժեքավոր գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են սեփական բիզնեսի ստեղծման համար։ Ծրագիրն իրականացվել է երեք առանձին խմբերով` առկա, առցանց և հիբրիդ ձևաչափերով, որն ուներ աշխարհագրական լայն ընդգրկվածություն՝ ներառելով մասնակիցների ՀՀ 9 մարզերից։ Հաշվի առնելով, որ ծրագրի կարևորագույն վերջնարդյունքներից մեկն էր մասնակիցների կողմից բիզնես պլանների ներկայացումը` առանձնահատուկ ուշադրություն դարձվեց բիզնես պլանավորման հմտությունների զարգացմանը։ Դասընթացների արդյունքում մասնակիցների մեծ մասի կողմից մշակվեցին բիզնես նախագծեր, որոնք կարող են ապագայում վերածվել կենսունակ և եկամտաբեր բիզնեսների։ Լ.Ադամյանը նշեց, որ ուսումնական փուլի ավարտով ծրագրի աջակցությունը չի սահմանափակվելու։ ՀԳՀՄ–ի կողմից նախատեսվում է նաև մենթորական շարունակական ուղեկցում՝ տրամադրելու մասնագիտական խորհրդատվություն և աջակցելու մասնակիցներին իրենց մշակած բիզնես գաղափարների գործնական իրագործման և զարգացման ճանապարհին։

Երկրորդ մոդուլը նպատակաուղղված էր ՀԳՀՄ անդամների բիզնեսի կառավարման հմտությունների կատարելագործմանը, ֆինանսական գրագիտության բարձրացմանը, ինչպես նաև բիզնես գործընթացներում արհեստական բանականության (AI) գործիքների կիրառման հմտությունների զարգացմանը` նպատակ ունենալով զարգացնել Միության անդամների կառավարչական հմտությունները և նպաստել նրանց մրցունակության բարձրացմանը։ Երկամսյա դասընթացների արդյունքում ՀԳՀՄ 30 անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան ձեռք բերելու նոր կարողություններ և հմտություններ հատկապես փոփոխությունների ժամանակաշրջանում բիզնես գործընթացների կազմակերպման, ռազմավարական պլանավորման, ֆինանսական կառավարման, ռիսկերի նվազեցման, մրցակցային դիրքերի ամրապնդման, ինչպես նաև բիզնեսի զարգացման գործընթացում թվային և նորարարական լուծումների ինտեգրման վերաբերյալ։ Արհեստական բանականության գործիքներին նվիրված բաղադրիչը մասնակիցներին տրամադրեց սոցիալական մեդիայի կառավարման և կոնտենտ մարքեթինգի ուղղությամբ նորարարական լուծումներ՝ բրենդի ճանաչելիությունն ու մրցունակությունը բարձրացնելու համար։

Ծրագրի արդյունքների ներկայացմանը հաջորդեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի գործատուների գործունեության ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչի եզրափակիչ ելույթը, ով իր գոհունակությունը հայտնեց մեծաթիվ մասնակիցների կողմից բիզնես նախագծերի ներկայացման առումով` շեշտելով, որ ներկայացված գաղափարները ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց մեծ ներուժը և պատրաստակամությունը դիմակայելու դժվարությունների և գտնելու նոր տնտեսական հնարավորություններ։

Միջոցառման ավարտին երկու մոդուլներով վերապատրաստված և դասընթացները հաջողությամբ ավարտած 100 մասնակից ստացան վկայականներ, ովքեր իրենց շնորհակալությունը հայտնեցին կազմակերպիչներին ու վերապատրաստողներին մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերման և գործնական հմտությունների զարգացման համար, որոնք կօգնեն նրանց արդյունավետ կերպով ներդնել ձեռք բերված գիտելիքները գործունեության ընթացքում և կյանքի կոչել իրենց ձեռնարկատիրական գաղափարները։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում էր ԱՄԿ աջակցությամբ ՀՀ-ում ֆորմալացման խթանմանն ուղղված Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի շրջանակներում։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ