Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն ու Միության նախագահը քննարկեցին համագործակցության նոր հնարավորությունները

12-12-2025
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն ու Միության նախագահը քննարկեցին համագործակցության նոր հնարավորությունները

Դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի միջև։ Հանդիպմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Ի․Բեսեդիչը, Գրասենյակի Գործընկերության և զարգացման ֆինանսավորման հարցերով խորհրդատու Արևիկ Անափիոսյանը, ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի զբաղվածության ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչը և ԱՄԿ Ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը։

Հանդիպման առանցքում էին Հայաստանում ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի և նպատակների իրականացմանն ուղղված քայլերը, սոցիալական համերաշխության և ֆորմալ տնտեսության խթանման ուղիները, ինչպես նաև միջազգային չափանիշներին համահունչ արժանապատիվ աշխատանքի ապահովման քաղաքականությունների զարգացումն ու առաջմղումը։ Այս համատեքստում քննարկվեց նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության կարևոր դերակատարումը՝ որպես ՀՀ կառավարության միակ սոցիալական գործընկեր, որը ներկայացնում է գործատուների շահերը և նպաստում բիզնես միջավայրի բարելավմանը։

Կողմերը քննարկեցին մի շարք կարևոր հարցեր կայուն զարգացման նպատակներին համահունչ համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ, հատկապես՝ գործատուների հմտությունների զարգացման ու գործարարության խթանման, կենսաբազմազանության և կանաչ տնտեսության զարգացման գենդերային հավասարության ու կանանց զբաղվածության ընդլայնման, ինչպես նաև անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրի ամրապնդման ոլորտներում։ Ֆրանսուազ Ժակոբն առանձնահատուկ ընդգծեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար տնտեսական ինտեգրման և արժանապատիվ աշխատանքի հնարավորությունների ընդլայնման կարևորությունը՝ նշելով, որ նրանց սոցիալ-տնտեսական ներառումը պահանջում է պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և սոցիալական գործընկերների համակարգված ու համատեղ ջանքեր։

ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը ներկայացրեց այս ուղղություններով Միության կողմից իրականացված ծրագրերը, ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության ձեռնարկատիրական հմտությունների զարգացման և գործատուների կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող նախաձեռնությունները, որոնք միտված են սոցիալական երկխոսության ընդլայնմանն ու ֆորմալ տնտեսության խթանմանը։

Վլադիմիր Չուրովիչն իր հերթին կարևորեց ԱՄԿ-ի և ՀԳՀՄ միջև հաստատված սերտ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այս փոխգործակցությունն արդեն հնարավորություն է տվել իրականացնել մի շարք ծրագրեր ԱՄԿ-ի կողմից նախաձեռնվող տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակներում, որոնք ստեղծում են հավելյալ հնարավորություններ Հայաստանի տնտեսական աճի կայունացման և երկարաժամկետ զարգացման համար։

Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակելու քննարկումներն համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման ուղղությամբ։ ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը նշեց, որ բիզնես միջավայրի թափանցիկությունը, գործատուների կարողությունների հզորացումն ու սոցիալական պատասխանատվության բարձրացումը առանցքային նշանակություն ունեն երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի համար, և ընդգծեց, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է ամրապնդելու համագործակցությունը համատեղ նախաձեռնությունների շրջանակում։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ