Համաշխարհային բանկի փորձագետների հետ քննարկվեցին աշխատաշուկայի պահանջարկի և առաջարկի մարտահրավերները

03-11-2025
Համաշխարհային բանկի փորձագետների հետ քննարկվեցին աշխատաշուկայի պահանջարկի և առաջարկի մարտահրավերները

Հոկտեմբերի 31-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը և գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը հանդիպեցին Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի սոցիալական պաշտպանության և զբաղվածության գլոբալ պրակտիկայի փորձագետներ Դանիել Գարրոտե Սանչեսի և Աբլա Սաֆիրի հետ։

Համաշխարհային բանկի փորձագետները մասնավորապես հետաքրքրված էին աշխատաշուկայի իրական կարիքների, գործատուների կողմից նշվող որակյալ մասնագետների պակասի, ինչպես նաև կրթական ծրագրերի արդյունավետության հետ կապված հիմնախնդիրներով։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատաշուկայի պահանջարկի և առաջարկի ներկայիս մարտահրավերները` ներառյալ հմտությունների անհամապատասխանությունը, երիտասարդների զբաղվածության սահմանափակ հնարավորությունները, կանանց ձեռներեցության մակարդակը և բիզնես միջավայրի փոփոխվող պահանջները։

ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանն ընդգծեց գործատուների ակտիվ ներգրավվածության կարևորությունը աշխատաշուկայի ձևավորման, մասնագիտական կրթության կազմակերպման և հմտությունների զարգացման գործընթացներում, ինչը կնպաստի աշխատաշուկայի կայուն և ներառական զարգացմանը։ Վ.Համբարձումյանը շեշտեց, որ բիզնեսի և կրթական համակարգի միջև սերտ համագործակցությունն առանցքային է մրցունակ և ժամանակակից պահանջներին համապատասխան մարդկային կապիտալի ձևավորման համար։

Գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանն անդրադարձավ 2024թ․ ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին»  ՀՀ նոր օրենքին, որը դուալ կրթության զարգացման միջոցով ամուր հիմք է ստեղծում սովորողների պրակտիկ հմտությունների ամրապնդման համար՝ նպաստելով կրթության և աշխաշուկայի պահանջների ներդաշնակեցմանը։ Օրենքի լիարժեք իրականացման կարևոր նախապայման է ոլորտի բոլոր շահակիցների՝ կրթության կազմակերպիչների, գործատուների, ուսանողների և պետական գերատեսչությունների սերտ համագործակցությունը, ինչը հնարավորություն կտա ապահովել հմտությունների առաջարկի և գործատուների իրական պահանջների միջև հավասարակշռությունը՝ դրանով իսկ բարձրացնելով աշխատուժի մրցունակությունը և զբաղվածության մակարդակը։

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել պարբերական հանդիպումները` աշխատաշուկայի և զբաղվածության արդի հիմնախնդիրները վերհանելու և արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ