Համատեղ քննարկվեցին Միության և ԱՄԿ համագործակցության հետագա ուղղությունները

17-09-2026
Համատեղ քննարկվեցին Միության և ԱՄԿ համագործակցության հետագա ուղղությունները

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը հյուրընկալեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) պատվիրակությանը՝ ի դեմս ԱՄԿ-ի ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանի, Ֆորմալացմանն ուղղված ԱՄԿ գլոբալ ծրագրի տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրի, զբաղվածության հարցերով ավագ մասնագետ Կազուտոշի Չատանիի և ԱՄԿ-ի ազգային ծրագրի համակարգող Վարդուհի Ավանեսյանի։

Հանդիպման օրակարգում ԱՄԿ-ի նախաձեռնությամբ և եռակողմ սոցիալական գործընկերությամբ իրականացվող ծրագրի արդյունքների ամփոփումն էր` ուղղված աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխմանն ու ֆորմալացմանն անցման խթանմանը։

Քննարկվեցին ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, ձեռքբերված արդյունքները և հետագա քայլերը՝ մասնավորապես Միության ներգրավվածության և գործատուների տեսանկյունից իրականացված աշխատանքների համատեքստում։ Անդրադարձ կատարվեց նաև ծրագրի շրջանակում Միության կողմից մշակված հարկային քաղաքականության բարելավման առաջարկությունների հետագա կիրառման և համապատասխան գործընթացներում դրանց արտացոլման հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև ԱՄԿ–ի կողմից հարթակային/գիգ տնտեսության ոլորտում իրականացված հետազոտությանը և դրա վերաբերյալ Միության կողմից կատարված դիտարկումներին և առաջարկություններին։ Կարևորվեց այս ուղղությամբ երկխոսության շարունակականությունը՝ հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը և նոր ձևավորվող զբաղվածության մոդելները։

ԱՄԿ ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Միության՝ ծրագրի իրականացման շրջանակում կատարած աշխատանքի, ակտիվ ներգրավվածության և գործարար համայնքի դիրքորոշումները քաղաքականության մշակման գործընթացում գործնական և կիրառելի առաջարկությունների տեսքով ներկայացնելու համար։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել քննարկումները՝ առաջիկայում նոր նախաձեռնության մեկնարկի և համատեղ աշխատանքների հետագա ուղղությունների շուրջ։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ