Հանձնաժողովի նախագահը հյուրընկալեց ԱՄԿ գործատուների հարցերով բյուրոյի տնօրենը

16-04-2026
Հանձնաժողովի նախագահը հյուրընկալեց ԱՄԿ գործատուների հարցերով բյուրոյի տնօրենը

Ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ընդունեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գործատուների հարցերով բյուրոյի տնօրեն Դեբորա Ֆրանսեի գլխավորած պատվիրակությանը։  

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱԺ պատգամավոր, Հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալներ Հարություն Գուլյանն ու Նարե Սարգսյանը, գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, ինչպես նաև ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի Գործատուների հարցերով ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչը։

Հերիքնազ Տիգրանյանը կարևորեց ՀՀ-ում սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ զարգացման ընթացքը, գործարար համայնքի հետ փոխգործակցության խորացումն ու գործատու-աշխատող հարաբերությունների օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը: Նա հյուրերին ներկայացրեց այդ ոլորտում օրենսդիր մարմնի կողմից իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համագործակցությանն առնչվող հարցեր։ Դեբորա Ֆրանսեն իր խոսքում բարձր գնահատեց Հայաստանի կողմից սոցիալական գործընկերության զարգացմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ ԱՄԿ-ն պատրաստ է շարունակել աջակցել գործատուների և պետության միջև կառուցողական երկխոսության ամրապնդմանը, ինչպես նաև աշխատաշուկայի արդիականացմանն ուղղված բարեփոխումներին։ Նա կարևորեց նաև  վերջին տարիներին Միության դերակատարության ուժեղացումն ու ընդլայնումը՝ որպես ՀՀ կառավարության միակ պաշտոնական սոցիալական գործընկեր։

 

Միության նախագահ Վահագն Համբարձումյանն անդրադարձավ միության կողմից իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին՝ հատկապես բիզնես միջավայրի բարելավման, ստվերից դուրս գալու խթանման և գործատուների շահերի պաշտպանության ուղղությամբ։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել սերտ համագործակցությունը։ Վահագն Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանին բովանդակային և արդյունավետ քննարկման համար՝ ընդգծելով, որ նման ձևաչափով երկխոսությունը կարևոր նշանակություն ունի գործատուների և օրենսդիր մարմնի միջև փոխվստահության ամրապնդման տեսանկյունից։

 

 

 

 

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ