Հայաստանի գործատուների հանրապետական միության հայտարարությունը «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

17-03-2025
Հայաստանի գործատուների հանրապետական միության հայտարարությունը «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ,

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (www.e-draft.am/projects/8360) տեղադրվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Նախագիծ), որով նախատեսվում է շրջադարձային կերպով վերանայել վարչական ակտերի դատական կարգով բողոքարկման դեպքերում դրանց գործողությունը կասեցնելու առնչությամբ ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները:

Մասնավորապես, ի տարբերություն ներկայումս գործող կարգավորումների, որի համաձայն վարչական ակտի դատական կարգով բողոքարկումը ինքնին կասեցնում է վարչական ակտի գործողությունը (այս ընդհանուր կանոնից բացառություններ են սահմանված շատ սահմանափակ թվով դեպքերի համար), Նախագծով նախատեսվում է, որ վարչական ակտերի դատական կարգով բողոքարկումը չի հանգեցնելու վարչական ակտի գործողության կասեցման, քանի դեռ դատարանը չի բավարարել վարչական ակտի դեմ հայցվորի վիճարկման հայցով ներկայացված հայցի ապահովման միջնորդությունը՝ վարչական ակտի գործողությունն ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու վերաբերյալ:

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (այսուհետ նաև՝ Միություն) քննարկել է շրջանառվող նախագիծը և քննարկման արդյունքում եկել է այն խորը համոզման, որ դրա ընդունումը անդառնալի բացասական հետևանքներ է առաջացնելու Հայաստանի Հանրապետությունում գործող տնտեսվարող սուբյեկտների համար՝ ստորև ներկայացվող փաստարկներով և հիմնավորումներով.

1. Որքան էլ նախագծին կից հիմնավորմամբ փորձ է արվել այն շրջանառել որոշակի «մասնագիտական փաթեթավորմամբ», այնուամենայնիվ, առավել քան ակնհայտ է, որ դրա ընդունման գերնպատակը պետական բյուջեում եկամուտների վաղաժամ ապահովումն է: Նման նպատակադրումը, թերևս ինչ որ կերպ ընկալելի կարող էր լինել միմիայն այն դեպքում, եթե համապատասխան փաստական տվյալներով կհաստատվեր, որ վարչական ակտերի դատական կարգով բողոքարկման արդյունքում տեղի է ունենում վարչական ակտերի գործողության անհիմն տարաժամկետում՝ այն հիմնավորմամբ, որ դրանց գերակշիռ մեծամասնությունն, ի վերջո, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներով լուծվում են ի օգուտ վարչական մարմինների կամ այլ կերպ՝ պետությունը ժամանակին չի ստանում օրենքին համապատասխան հաշվարկված իր եկամուտները:

Մինչդեռ, փաստացի տվյալները հակառակ պատկերն են արձանագրում: Օրինակ, միայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին հինգ տարիների ընթացքում կազմված և դատական կարգով բողոքարկված վարչական ակտերի շուրջ 70 տոկոսը դատական կարգով բավարարվել է ի օգուտ հարկ վճարողների, ինչը նշանակում է, որ կազմվող վարչական ակտերի գերակշիռ մեծամասնության դեպքում պետությունը եկամուտների տեսքով իրավաչափ ակնկալիք չպետք է ունենա:

Քանի որ Նախագծին զուգահեռ չի առաջարկվում վարչական մարմինների կողմից կազմվող վարչական ակտերի իրավական հիմնավորվածության կտրուկ բարելավման հասնելու (ոչ իրավաչափ վարչական ակտերի կազմման պրակտիկան առավելագույնս սահմանափակելու) որևէ գործիքակազմ, նշանակում է, որ պատկերը առաջիկա տարիների ընթացքում, այլ հավասար պայմաններում չի փոխվելու, որի պարագայում նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալն ուղղակի անթույլատրելի է:

2. Անգամ եթե տեսականորեն ընդունենք, որ վարչական ակտերի իրավական հիմնավորվածության մակարդակը բավականին բարձր է, իսկ դատական կարգով դրանց չեղարկման հնարավորությունները՝ բավականաչափ ցածր, այնուամենայնիվ հասկանալի չէ, թե ինչու՞ է նման նախաձեռնությամբ Կառավարությունը փորձում հասնել պետական բյուջե վաղաժամկետ վճարումների կատարման:

Գաղտնիք չէ, որ տնտեսական գործունեության ոլորտում կատարվող իրավախախտումները գերազանցապես հարկային իրավախախտումներն են: Եթե դատական կարգով հարկային իրավախախտման փաստը հաստատվում է վարչական ակտի կազմելուց 2 տարի հետո (վիճակագրությունը փաստում է, որ դատական գործընթացի միջին տևողությունը կազմում է 2 տարի), ապա հարկ վճարողները պետությանը տարեկան կտրվածքով վճարում են ժամանակին չվճարված հարկի գումարի 27.4 տոկոսի չափով ավելի գումար: Այս մեծությունը ավելի քան 2 անգամ գերազանցում է պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար պետության կողմից թողարկվող պետական կարճաժամկետ պարտատոմսերի դիմաց պետության կողմից վճարվող տարեկան տոկոսադրույքների մեծությունը: Այդ համադրության տեսանկյունից որևէ հիմնավորում չկա, որպեսզի Կառավարությունը նախապատվություն տա անգամ իրավաչափ կազմված վարչական ակտերի գումարները մինչև այդ ակտերի անբողոքարկելի դառնալը պետական բյուջե մուտքագրելուն: Հետևաբար, եթե Կառավարությունը նպատակ ունի մինչև վարչական ակտերի անբողոքարկելի դառնալը, անկախ դրանց բողոքարկման արդյունքներից, ապահովել այդ գումարների վճարումը պետական բյուջե, ապա դա՝

1) հիմքեր է տալիս ենթադրելու, որ պետությունը փորձում է կաշկանդել դատական համակարգին՝ չկայացնելու այնպիսի որոշումներ, որոնց արդյունքում կատարվելու է պետական բյուջե վճարված գումարների վերադարձ,

2) ուղղակիորեն նշանակում է, որ պետությունը նպատակ է դրել բիզնեից հանել անտոկոս փող, օգտագործել բյուջետային նպատակների համար, իսկ վարչական ակտը անհիմն ճանաչվելու դեպքում պարզապես վերադարձնել այդ գումարը՝ առանց որևէ լրացուցիչ ֆինանսական պարտավորության, ինչը ծայրահեղ անարդար և որևէ կերպ չհիմնավորվող մոտեցում է:

3. Միության կարծիքով, Նախագծի հետագա ընթացքի օգտին չխոսող՝ 1-ին կետում նշված վիճակագրության առկայության հիմնական պատճառներից մեկն (եթե ոչ ամենահիմնականը) այն է, որ վարչական մարմինների մասնագետները չունեն բավարար մասնագիտական հմտություններ՝ հիմնավոր և իրավաչափ վարչական ակտեր կազմելու համար: Իհարկե, այդ իրողությունների վրա իր ազդեցությունն ունի նաև տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության (հատկապես, հարկային օրենսդրության) բարդությունը, դրա փոփոխման հաճախականությունը: Բայց, քանի դեռ նշված խնդիրները լուծված չեն, ապա այս ուղղությամբ օրենսդրական վերանայումները կամ օրենսդրական նորմերի հնարավոր լավարկման առնչությամբ առաջարկությունները պետք է դիտարկվեն բացառապես կարգավորման գործող մոտեցումը պահպանելու տրամաբանության շրջանակներում:

Այլ կերպ, եթե ՀՀ արդարադատության նախարարությանը հայտնի են լրացուցիչ այնպիսի դեպքեր, որոնց պարագայում, հանրային շահով պայմանավորված նպատակահարմար է կիրառել առաջարկվող մոտեցումը, ապա քննարկման առարկա կարող է դառնալ այդ դեպքերը ներկայումս սահմանված բացառությունների թվում ներառելու, այլ ոչ թե գործող մեխանիզմը հակառակ տրամաբանությամբ վերափոխելու հարցը:

4. Նախագծի ընդունման դեպքում դատարանները պարզապես հնարավորություն չեն ունենալու վարչական ակտի գործողությունը կասեցնելու (հայցի ապահովման միջնորդությունը բավարարելու) առնչությամբ օբյեկտիվ որոշումներ կայացնելու համար: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ վարչական ակտերի հիմնավոր կամ անհիմն լինելու հանգամանքը պարզվում է դատավարությունն ավարտվելուց հետո, որը, ըստ ձևավորված պրակտիկայի, տևում է տարիներ: Մինչդեռ, հայցի ապահովման միջնորդությունը, ըստ Նախագծի, պետք է քննվի առավելագույնը մեկշաբաթյա ժամկետում և, հետևաբար, հայցի ապահովման միջնորդության առնչությամբ կայացված որոշումը իր հիմքում չի ունենալու բուն վարչական ակտի հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ դատավարության ընթացքում ձևավորված օբյեկտիվ դատողությունները:

Հետևաբար, տնտեսվարող սուբյեկտները, բացի բուն վարչական ակտը անհիմն լինելու վերաբերյալ հիմնավորումներ ներկայացնելուց, լրացուցիչ պետք է հիմնավորեն նաև, թե ինչ անդառնալի հետևանքներ կարող են իրենց համար առաջանալ, եթե վերը նշված ակնհայտ անհիմն վարչական ակտի գործողությունը չկասեցվի: Սա ոչ միայն անմեղության կանխավարկածի խախտում է, այլև, մեր համոզմամբ, կործանարար ազդեցություն է ունենալու թե՛ ներկայումս ծավալվող տնտեսական գործունեության շարունակականության ապահովման (ընդհուպ հանգեցնելով բիզնեսի սնանկացման՝ եթե դատարանը ինչ-ինչ դատողություններով չբավարարեց միջնորդությունը) և թե՛ Հայաստանի Հանրապետությունում նոր գործարար նախաձեռնություններ իրականացնելու որոշումների կայացման վրա:

5. Այս փոփոխության արդյունքը լինելու է հարկային իրավախախտումներով քրեական գործերի համատարած հարուցումը: Եթե ներկայումս իրավապահ մարմինները դեռևս անբողոքարկելի չդարձած վարչական ակտերի հիմքով քրեական գործեր հարուցելու հարցում ցուցաբերում են որոշակի զսպվածություն, ապա առաջարկվող փոփոխության ընդունման արդյունքում, եթե դատարանը չբավարարի տնտեսավարող սուբյեկտի միջնորդությունը՝ վարչական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ, կասկած չկա, որ միջնորդության մերժմանը անմիջապես հաջորդելու են քրեական գործերի հարուցումը՝ տնտեսավարող սուբյեկտին ենթադրյալ իրավախախտման գումարի վճարումը պարտավորեցնելու համար՝ անգամ եթե հետագայում պարզվի, որ կազմված վարչական ակտն ամբողջությամբ սխալ էր: Արդյունքում ունենալու ենք դատական կարգով անվավեր ճանաչված վարչական ակտեր, իսկ մինչև այդ ակտերի անվավեր ճանաչումը՝ ներդրումային որոշումներ կայացնող կալանավորված անձինք (հիմնադիրներ), քանի որ նշված անձինք ի վիճակի չէին վճարել անհիմն կազմված ակտերի գումարները:

6. Նախագծի ընդունումը պարունակում է լուրջ կոռուպցիոն ռիսկեր: Եթե տնտեսվարող սուբյեկտը ինչ-ինչ հանգամանքներում թույլ է տվել որևէ իրավախախտում, ապա ձգտելու է համաձայնության հասնել համապատասխան պաշտոնատար անձանց հետ, քանի որ գիտի, որ միևնույն է անգամ վարչական ակտը բողոքարկելու պարագայում մեծ հավանականությամբ դրա գործողությունը չի կասեցվելու և ենթադրյալ իրավախախտման առնչությամբ կազմված վարչական ակտով արձանագրված գումարը ի սկզբանե պետք է վճարի պետական բյուջե՝ անկախ դատական կարգով վարչական ակտի բողոքարկման արդյունքներից: Եվ հակառակը, վարչական մարմինների պաշտոնատար անձինք նույն սպառնալիքով պարզապես իրենք են թելադրելու իրենց պայմանները՝ տնտեսավարող սուբյեկտի հետ համաձայնության գալու հարցում:

7. Նախագծի ընդունումը պարունակում է նաև վարչական մարմինների կողմից կամայական ձևով վարչարարություն իրականացնելու մեծ ներուժ: Ժամանակային առումով վաղաժամ բյուջետային մուտքեր ապահովելու պահի անհրաժեշտությունից ելնելով վարչական մարմինները կարող են առանձնակի ուշադրություն չդարձնել վարչական ակտերի որակին (առանց այդ էլ, ինչպես վերը նշված թվերն են փաստում, ներկայումս կազմվող վարչական ակտերը մեղմ ասած չեն «փայլում» իրավական հիմնավորվածությամբ)՝ այն մտադրությամբ, որ դրանց առնվազն մի մասի գծով տվյալ պահին անպայմանորեն կապահովեն բյուջետային մուտքեր, մինչդեռ դրանց վերադարձը կարող է տեղի ունենալ տարիներ հետո՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո:

8. Դատական կարգով բողոքարկվող ակտերի գործողությունը կասեցված չլինելու դեպքում, վարչական ակտով արձանագրված պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կարող են կիրառվել նաև տնտեսավարող սուբյեկտների գույքի բռնագանձման ընթացակարգեր (հնարավոր է դրամական միջոցները բավարար չլինեն արձանագրված պարտավորությունների ամբողջությամբ կատարումն ապահովելու համար): Այդ պարագայում, եթե հետագայում դատական կարգով տվյալ վարչական ակտը ճանաչվում է անվավեր, ապա ինչպես է իրականացվելու տվյալ տնտեսավարող սուբյեկտի գույքի վերականգման գործընթացը և առհասարակ, ո՞վ է պատասխանատվության ենթարկվելու և ի՞նչ չափով ու կարգով՝ գործարարին նման վնաս պատճառելու համար:

9. Ավելորդ չէ նշել նաև, որ այս նախաձեռնությունը լրացուցիչ ավելացնելու է նաև դատարանների ծանրաբեռնվածությունը: Արդեն տևական ժամանակ է մշտապես բարձրաձայնվում է դատարանների, այդ թվում վարչական դատարանների գերծանրաբեռնվածության և այն թեթևացնելու անհրաժեշտության մասին, քանի որ վարչական գործերը ողջամիտ ժամկետներում քննելը և որոշումներ կայացնելը շատ կարևոր են՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց բիզնեսի ռազմավարական պլանավորման հարցում որոշակիություն ունենալու համար: Այս փոփոխության արդյունքում վարչական դատարանները, բացի բուն վիճարկման հայցադիմումից, առանձին պետք է քննեն նաև հայցի ապահովման միջնորդությունները, դրանց վերաբերյալ կայացված որոշումները կարող են իրենց հերթին բողոքարկվել վերաքննության կարգով և այլն: Այսինքն, այդ ամենի արդյունքում արդեն իսկ առկա խնդիրներն ավելի են խորանալու:

10. Համոզիչ չէ նաև Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված միջազգային փորձը: Չենք կարծում, որ Հայաստանի Հանրապետության հետ ոչ համադրելի երկրներում, տվյալ դեպքում Գերմանիայում կիրառվող մոդելի մեջբերումը հիմնավորում է առաջարկվող մոտեցումը Հայաստանի Հանրապետությունում տեղայնացնելու անհրաժեշտությունը: Ճիշտ հակառակը՝ նման «աղքատիկ» փորձի մեջբերումը փաստում է, որ միջազգային պրակտիկայում երկրների գերակշիռ մեծամասնությունը կիրառում են հենց Հայաստանի Հանրապետությունում ներկայումս կիրառվող մոտեցումը:

Ելնելով վերոգրյալից` Միությունն առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված նախագծին հետագա ընթացք տալուց:

Ստորև ներկայացվում է նաև իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (www.e-draft.am/projects/8360) նախագծի քվեարկության արդյունքներն ու մասնագիտական համայնքի կարծիքները:

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ