Մրցույթի հրավեր

24-07-2025
Մրցույթի հրավեր

Մրցույթի հրավեր ԵՄ և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) պահանջների իրականացման և մոնիտորինգի պլատֆորմի գործատուների կազմակերպությունների ներկայացուցիչների անդամության  նպատակով:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (այսուհետ` ՀԸԳՀ) 366-րդ հոդվածի համաձայն` ձևավորվել է Քաղաքացիական հասարակության պլատֆորմ (այսուհետ` ՔՀՊ)` կազմված քաղաքացիական հասարակության, Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) և գործատուների կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Հարթակի ձևավորումը պայմանավորված է ՀԸԳՀ (CEPA) հետևյալ հոդվածներով՝ թիվ 366, թիվ 103 (կետ 2, ենթակետ D), թիվ 284 (կետ 1, ենթակետ), և թիվ 308:

Հարթակում նախատեսված է ընդհանուր 10 տեղ, որից` 4-ը հասարակական կազմակերպությունների, 3-ը` գործատուների, 3-ը` արհմիութենական կազմակերպությունների համար:

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) հրավիրում է մասնակցելու վերոնշյալ պլատֆորմի գործատուների կազմակերպությունների ներկայացուցիչների անդամության մրցույթին։

1.Ովքե՞ր կարող են մասնակցել մրցույթին

ՔՀՊ-ի կազմում ընդգրկվելու նպատակով` մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված գործատու կազմակերպությունների (ներառյալ` բիզնես ասոցիացիաների, հիմնադրամների, բիզնեսի շահերը պաշտպանող այլ կազմակերպությունների) ներկայացուցիչները (այսուհետ` Ներկայացուցիչ)։

Մրցույթին չեն կարող մասնակցել արհմիութենական կազմակերպությունները, պետական կամ պետության կողմից հիմնադրված կազմակերպությունները և հիմնադրամները` անկախ իրենց գործունեության տեսակից:

1.Մրցույթին մասնակցող գործատու կազմակերպությունը պետք է նվազագույնս ապահովի հետևյալ պահանջները և չափանիշները՝ ըստ սահմանված միավորների:

1.1. Վերջին 7 տարիների ընթացքում նվազագույնը 3 տարվա ակտիվ գործունեություն «Հայաստանի Եվրոպական ինտեգրման» բնագավառում և/կամ «Հայաստանի ընդլայնված գործընկերության» համաձայնագրով սահմանված ոլորտներից առնվազն մեկում, որի արդյունքում կազմվել են հետազոտական զեկույցներ, վերլուծություններ, հայեցակարգեր և այլն - առավելագույնը 5 միավոր:

1.2. Բավարար կարողություններ ՔՀՊ-ում իր գործունեությունը արդյունավետ իրականացնելու համար, այդ թվում՝ աշխատակազմ, գրասենյակ, գույք և տեխնիկա, կայք և ինտերնետ կապ, ֆինանսավորում - առավելագույնը 3 միավոր:

1.3. ՀԸԳՀ-ի իրականացման գործում պետական կառավարման մարմիններին խորհրդատվական աջակցություն տրամադրելու տեսլական - առավելագույնը 3 միավոր։

1.4. ՀԸԳՀ-ի կատարման գործընթացի մշտադիտարկման տեսլականը - առավելագույնը 3 միավոր։

2. Ներկայացուցիչ կարող է լինել Թեկնածու կազմակերպության՝ ա) կոլեգիալ ղեկավար մարմնի անդամը, բ) գործադիր մարմնի ղեկավարը, գ) աշխատակազմի անդամը։

Ներկայացուցիչը պետք է ունենա՝

2.1. Հանրային հեղինակություն, արդյունավետ, կառուցողական և բազմակողմ համագործակցություն իրականացնելու կարողություն - առավելագույնը 3 միավոր:

2.2. Անգլերեն լեզվի իմացություն. որպես անգլերենի բավարար մակարդակի իմացության ապացույց` դիմողը ներկայացնում է կամ բարձրագույն կրթության գործընթացն անգլերենով անցնելու մասին փաստաթուղթ, կամ անգլերեն լեզվի իմացությունը հավաստող վկայական: Հակառակ դեպքում ներկայացուցիչն անցնում է Ընտրական հանձնաժողովի կողմից ընտրված որակավորված մասնագետի կողմից անգլերենի ստուգում - առավելագույնը 3 միավոր: Հանձնաժողովը կարող է սահմանել նվազագույն չափանիշներ։

3. Ներկայացուցիչը չի կարող հանդիսանալ ներկա կամ նախորդող առնվազն 6 ամիսների ընթացքում որևէ պետական կառավարման համակարգի մարմնի աշխատակից:

4. Թեկնածու կազմակերպություններին և Ներկայացուցիչներին ներկայացվող պահանջների բավարարման միավորների անցողիկ շեմը սահմանվում է նվազագույնը 10 միավոր։

3.Մրցույթին ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

3.1. Մրցույթին ներկայացվող փաստաթղթերը պետք է ներառեն`

3.1.1. Թեկնածու կազմակերպության պետական գրանցման վկայականի կամ քաղվածքի պատճենը, կանոնադրության պատճենը, կազմակերպության ոլորտային գործունեության մասին տեղեկանքը (համառոտ նկարագիր)։

3.1.2. «Հայաստանի Եվրոպական ինտեգրման» բնագավառում և/կամ «Հայաստանի ընդլայնված գործընկերության» համաձայնագրով սահմանված ոլորտներից առնվազն մեկում վերջին 7 տարիների ընթացքում գործունեության իրականացման վերաբերյալ տեղեկանք (Թեկնածու կազմակերպությունից) և դրա(նց) արդյունքներով կազմված զեկույց(ներ)ը թղթային կամ էլեկտրոնային տարբերակով կամ դրանց էլեկտրոնային հղումները։

3.1.3. Թեկնածու կազմակերպության կազմակերպական կարողությունները հավաստող տեղեկանք (թեկնածու կազմակերպությունից)։

3.1.4. ՀԳԸՀ-ի իրականացման գործում պետական կառավարման համակարգի մարմիններին խորհրդատվական աջակցություն տրամադրելու վերաբերյալ շարադրված տեսլականը 1 էջ A4 էջի ծավալով:

3.1.5. ՀԸԳՀ-ի կատարման գործընթացի մշտադիտարկման վերաբերյալ շարադրված տեսլականը 1 էջ A4 էջի ծավալով:

3.2. Ներկայացուցչի ինքնակենսագրականը:

3.2.1. Բարձրագույն կրթության գործընթացն անգլերենով անցնելու մասին փաստաթուղթ կամ անգլերեն լեզվի իմացությունը հավաստող վկայական:

3.2.2. Լրացված Հայտարությունն ու Երաշխավորագիրը, որոնք ներկայացված են սույն կարգին կից ՀԱՎԵԼՎԱԾ 1-ում։

3.3. Անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել ինչպես առձեռն հետևյալ հասցեով` Վ. Վաղարշյան 12, Ակցեռնի շենք, 5-րդ հարկ, այնպես էլ առցանց` ուղարկելով ՀԳՀՄ պաշտոնական էլեկտրոնային հասցեին։

Մրցույթի կազմակերպման գործընթացը

Մրցույթի կազմակերպմանը աջակցելու համար ՀԳՀՄ-ն կվարի քարտուղարությունը` փաստաթղթերը էլեկտրոնային կամ թղթային տարբերակով ստանալու համար, որոնք կփոխանցվեն Ընտրական հանձնաժողովին:

Ընտրական հանձնաժողով

Ընտրական հանձնաժողովը կազմված է 6 (վեց) անդամից, որոնցից չորսն ընտրվել են Հայաստանի գործատուների հանրապետական միության Խորհրդի կազմից (այսուհետ` ՀԳՀՄ), մեկը ներկայացված է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից (այսուհետ` ՀԱԳՄ) և մեկը՝ Եվրոպական բիզնես ասոցիացիայից (այսուհետ` ԵԲԱ)՝ իրենց ներքին իրավակարգավորումներին համապատասխան` ՀԳՀՄ-ի գրավոր առաջարկով։

Ընտրություններին մասնակցելու նպատակով` Ներկայացուցիչը սույն հայտարարության հրապարակումից 15 (տասնհինգ) օրվա ընթացքում ՀԳՀՄ քարտուղարությանը պետք է ներկայացնի ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև իր կոնտակտային տվյալները հետադարձ կապի ապահովման համար։

Փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 7-ը ներառյալ:

Օգոստոսի 7-ից ուշ ներկայացված հայտերը ՔՀՊ հարթակի անդամ ընտրվելու համար կհամարվեն անվավեր:

Ընտրական հանձնաժողովն իր գործունեությունը կսկսի ոչ ուշ քան փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետից հետո 5-րդ աշխատանքային օրը ներառյալ և համապատասխանաբար կավարտի աշխատանքները ոչ ուշ քան գործունեությունը սկսելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Ընտրությունները կանցկացվեն երկու փուլով, որոնցից առաջինը փաստաթղթերի համապատասխանության ստուգման (այսուհետ` փաստաթղթային ստուգման) փուլն է, իսկ երկրորդը` բուն քվեարկության փուլը։ Ընտրությունների երկու փուլերն էլ կարող են իրականացվել ինչպես առկա, այնպես էլ առցանց կամ հիբրիդային ձևաչափերով:

Ընտրությունների փաստաթղթային ստուգման փուլում Ընտրական հանձնաժողովը կստուգի փաստաթղթերի համապատասխանությունն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, իսկ հիմնավոր կասկածի դեպքում` նաև փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը:

Քվեարկության փուլում Ընտրական հանձնաժողովի անդամները սույն կարգով հաստատված չափանիշներին և ընթացակարգին համապատասխան կգնահատեն քվեարկության փուլ անցած Ներկայացուցիչներին` ըստ 3.1. կետի պահանջների, այնուհետև գնահատման բոլոր արդյունքներով կկազմակերպվի փակ քվեարկություն, որի միջոցով կհաստատվեն թեկնածուները` սույն մրցույթի կարգի 3.1. և 3.2. կետերում սահմանված պահանջներին և չափորոշիչներին համապատասխան։

Ցանկության դեպքում` Ներկայացուցիչը կարող է մասնակցել ընտրությունների փաստաթղթային ստուգման և քվեարկության փուլերին:

Քվեարկության արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած վեց Ներկայացուցիչներից առավելագույն միավորներ ստացած երեքը կընտրվեն ՀԸԳՀ-ի ՔՀՊ-ում (հիմնական անդամներ), մյուս երեքը կհամարվեն փոխարինող անդամներ:

Հանձնաժողովը իր ընտրությունների արդյունքները կհրապարակի մրցույթը ամփոփելուց ոչ ուշ քան 5 օրվա ընթացքում` ներկայացնելով համառոտ արձանագրություն արդյունքների մասին:

Հարթակի անդամ կազմակերպությունները կընտրվեն 3 տարի ժամկետով։

Հանձնաժողովի արդյունքների հիման վրա ՀԳՀՄ-ն իր պաշտոնական կայքում կհրապարակի ՔՀՊ հարթակի հիմնական և փոխարինող անդամ կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների անունները:

Պահանջված փաստաթղթերը կարող եք ներկայացնել`

ա) առցանց` հետևյալ էլեկտրոնային հասցեով` info@employers.am

բ) ՀԳՀՄ իրավաբանական հասցեին՝ ք. Երևան 0012, Վ. Վաղարշյան 12:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +374 10 52 74 21, +374 95 52 74 21։

 

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ