ՀԳՀՄ և Երևանում ԵԽ գրասենյակի համատեղ աշխատաժողով` ներառական զբաղվածության խթանման ուղղությամբ
Նոյեմբերի 13–14-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ համագործակցությամբ Ծաղկաձորում կայացավ երկօրյա արտագնա աշխատաժողով՝ նվիրված զբաղվածության ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանմանը՝ Եվրոպական սոցիալական խարտիայի համատեքստում։

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը» ծրագրի ավագ պատասխանատու Մարիամ Ալեքսանյանը` ներկայացնելով Եվրոպայի խորհրդի կողմից այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ընդգծելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հասարակական կյանքում նրանց լիարժեք մասնակցության և զբաղվածության հավասար հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունը։ Նա նաև անդրադարձավ գործատուների հետ երկխոսության և նրանց փորձի ու կարիքների հաշվառման նշանակությանը՝ ներառական զբաղվածության ոլորտում առկա խնդիրներին հասցեական լուծումներ գտնելու տեսանկյունից։
ՀԳՀՄ գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանն իր ողջույնի խոսքում կարևորեց նման նախաձեռնությունների դերը գործատուների իրազեկվածության բարձրացման, միջազգային չափորոշիչների գործնական կիրառման և ներառական աշխատանքային միջավայրի ձևավորման գործում։ Նա շնորհակալություն հայտնեց ԵԽ գրասենյակին արդյունավետ համագործակցության և Միության անդամ գործատուների կարողությունների շարունակական զարգացմանն աջակցելու համար։

ՀԳՀՄ նախագահի տեղակալ Մարիա Խախամյանն էլ ընդգծեց, որ ներառական աշխատավայրերի ձևավորումը ոչ միայն սոցիալական պատասխանատվության դրսևորում է, այլև կարևոր նախապայման՝ խտրականությունից զերծ աշխատանքային միջավայրի ձևավորման, աշխատուժի ներուժի լիարժեք օգտագործման և բիզնեսի կայուն զարգացման համար։
Աշխատաժողովի հիմնական թեմաները ներկայացրեց ԵԽ գրասենյակի ազգային փորձագետ և խորհրդատու Սերգեյ Ղազինյանը, ով ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային և ազգային իրավական շրջանակները, զբաղվածության հավասար հնարավորությունների ապահովման մեխանիզմներն ու ներառական աշխատանքային միջավայրի ձևավորման գործնական մոտեցումները։

ՀԳՀՄ նախագահի տեղակալ, աշխատանքի անվտանգության և առողջության փորձագետ Նարե Սարգսյանն անդրադարձավ հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանն ուղղված անվտանգության և առողջության պահպանման պահանջներին՝ ներկայացնելով գործատուների պարտավորությունները, ներառական ռիսկերի գնահատման, աշխատանքային միջավայրի հարմարեցման և անվտանգ ու առողջ պայմանների ապահովման լուծումները։
Երկօրյա աշխատաժողովի ընթացքում ՀԳՀՄ 25 անդամ ընկերությունների ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան ձեռք բերելու և խորացնելու գործնական գիտելիքներն ու հմտությունները Եվրոպական սոցիալական խարտիայի մի շարք հոդվածների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և զբաղվածության ոլորտում հավասարության, աշխատավայրում անվտանգության և առողջության պահպանման առանձնահատկությունների, ողջամիտ հարմարեցումների և դրանց կիրառման գործնական մեխանիզմների, ԱՄԿ թիվ 190 կոնվենցիայի համատեքստում աշխատավայրում բռնության, ոտնձգությունների և խտրականության կանխարգելման վերաբերյալ։

Տեսական քննարկումներին զուգահեռ իրականացվեցին գործնական և խմբային աշխատանքներ՝ ներառական աշխատանքի հայտարարությունների վերանայման, ողջամիտ հարմարեցումների կիրառման, ինչպես նաև աշխատավայրում բռնության, ոտնձգությունների և խտրականության կանխարգելման ներքին քաղաքականությունների ու բողոքների ներկայացման ընթացակարգերի մշակման ուղղություններով։
Աշխատաժողովը նաև հնարավորություն տվեց բացահայտելու Հայաստանում ներառական զբաղվածության խթանման ընթացքում գործատուների առջև ծառացած մարտահրավերներն ու գործնական խոչընդոտները, ինչպես նաև հետագա կարողությունների զարգացման կարիքները։























ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: