ՀԳՀՄ-ն և ԱՄԿ-ն համադրում են ջանքերը ֆորմալ տնտեսության խթանման շուրջ

15-12-2025
ՀԳՀՄ-ն և ԱՄԿ-ն համադրում են ջանքերը ֆորմալ տնտեսության խթանման շուրջ

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գործընկերներին՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի զբաղվածության ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչին և Թուրինի վերապատրաստման կենտրոնի (ITC Turin) ծրագրերի ղեկավար Պաոլո Սալվային։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀԳՀՄ նախագահի տեղակալներ Մարիա Խախամյանն ու Հարություն Ղուլյանը, գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, Խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը և ՀԳՀՄ անդամ Մարինա Սանդոյանը։

Հանդիպման նպատակն էր նախանշել ֆորմալ տնտեսության խթանմանն ուղղված եռակողմ գործընկերության շրջանակում նախատեսվող առաջիկա թեմատիկ քննարկումները, ինչպես նաև ՀԳՀՄ-ի կողմից 2026 թվականին կազմակերպվող աշխատաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի զբաղվածության ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչը ներկայացրեց, որ Հայաստանում ֆորմալացմանն ուղղված ԱՄԿ նախաձեռնության եզրափակիչ փուլը կանցկացվի 2026 թվականի հունվարից մինչև մայիս։ Այդ ընթացքում նախատեսվում է իրականացնել ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի միջև եռակողմ թեմատիկ քննարկումներ՝ ոչ ֆորմալ և ֆորմալ զբաղվածությանը վերաբերող առանցքային հարցերի շուրջ։ Արդյունքում՝ մինչև 2026 թվականի մայիսը նախատեսվում է ընդունել ֆորմալացման վերաբերյալ համաձայնեցված քաղաքականության առաջարկությունների փաթեթ։

ՀԳՀՄ նախագահը միջազգային գործընկերներին ներկայացրեց ֆորմալ տնտեսության խթանմանն ուղղված իր տեսլականը և առաջիկա տարիներին իրագործելի և արդյունքահեն քայլերի հաջորդականությունը։ 

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ Հայաստանում ֆորմալ տնտեսության զարգացման, մրցունակ զբաղվածության խթանման և սոցիալական գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ