ՀԳՀՄ նախագահը հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ

30-09-2025
ՀԳՀՄ նախագահը հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությանը՝ ի դեմս Հայաստանի առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի։

Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գործարար միջավայրում առկա մարտահրավերները, գործող հարկային խթանների ազդեցությունը, ինչպես նաև ներկայացնել մասնակիցների տեսակետներն ու առաջարկները հնարավոր փոփոխությունների, տարածաշրջանային հաղորդակցման ուղիների բացման հեռանկարների և պետական մարմինների կողմից իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա էին նաև ՀԳՀՄ Խորհրդի անդամներ Միհրան Թադևոսյանը և Աննա Ավետիսյանը, ինչպես նաև ՀԳՀՄ անդամ, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։

Միության նախագահ Վ. Համբարձումյանն առանձնացրեց այն առանցքային խնդիրները, որոնք էական ազդեցություն են ունենում գործարար միջավայրի կայունության և զարգացման վրա։ Նա կարևորեց կրթության և աշխատաշուկայի միջև առկա անհամապատասխանությունը՝ ընդգծելով, որ կրթական ծրագրերը միշտ չէ, որ համընթաց են աշխատաշուկայի իրական պահանջներին։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց հարկային քաղաքականության և վարչարարության խնդիրներին` մասնավորապես գործող հարկային օրենսդրության բարդություններին և ֆորմալ տնտեսության զարգացմանը խոչընդոտող պայմանների առկայությանը։ Նա առաջարկեց ստեղծել միասնական և պարզեցված հարկման համակարգ, որը կապահովի հարկման հավասար պայմաններ և կայուն հարկային միջավայր։ Գործարար միջավայրի մարտահրավերների շրջանակում քննարկվեց նաև հարկային օրենսդրության խախտումների դեպքում քրեական վարույթների հարուցման խնդիրը։

Հընթացս Վ. Համբարձումյանը ներկայացրեց հայ արտադրողների միջազգային շուկաներ մուտք գործելու սահմանափակ հնարավորությունների խնդիրը։ Այս ուղղությամբ առաջարկվեց զարգացնել պետական-մասնավոր համագործակցությունը, ձևավորել արտահանման խթանման արդյունավետ հարթակներ և տեղեկատվական աջակցման համակարգեր։

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին արդյունավետ քննարկման համար` ընդգծելով բարձրացված խնդիրների կարևորությունը, որոնք հիմք կծառայեն հետագա ծրագրերի գործողությունների հստակեցման, ինչպես նաև բազմակողմանի ու շարունակական համագործակցության զարգացման համար։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ