ՀԳՀՄ նախագահը հանդիպեց Շվեդիայից ժամանած պատվիրակության հետ

04-04-2025
ՀԳՀՄ նախագահը հանդիպեց Շվեդիայից ժամանած պատվիրակության հետ

Ապրիլի 3-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց Շվեդիայից ժամանած պատվիրակությանը` ի դեմս Շվեդիայի միգրացիոն գործակալության Միջազգային զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կարլ-Մարտին Անդերսոնի, Շվեդիայի զբաղվածության պետական ծառայության ծրագրերի ղեկավար Պեր Լինդբերգի, թվային ծառայությունների ավագ խորհրդատու Էլեն Բլանկի և խորհրդատու Ջոակիմ Էնգերի։

Հանդիպման նպատակն էր համատեղ քննարկել միգրացիայի, զբաղվածության և ինտեգրման ոլորտներում միջազգային համագործակցության զարգացման հնարավորությունները։

Միջազգային զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կարլ-Մարտին Անդերսոնը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, Միգրացիայի և քաղաքացիական ծառայության ներկայացուցիչների հետ հընթացս շարունակվող երկխոսության արդյունքները աշխատաշուկայի կարիքների վերհանման ուղղությամբ։ Այս գործընթացի նպատակը Հայաստանի իշխանությունների և սոցիալական գործընկերների կարիքների գնահատումն է` շահագրգիռ կողմերի հետ քննարկումներից հետո գործողությունները հստակեցնելու համար։

Շվեդիայի զբաղվածության պետական ծառայության ծրագրերի ղեկավար Պեր Լինդբերգն ընդգծեց, որ այս առումով ՀՀ կառավարության միակ սոցիալական գործընկերոջ` Հայաստանի գործատուների հանրապետական միության կարծիքն ու դիտարկումները շատ կարևոր ուղենիշներ կարող են հանդիսանալ հետագա ծրագրերի շահառուների ընդգրկման և նպատակների ուրվագծման համար։ Հյուրերը նշեցին նաև, որ Շվեդիայի դեսպանության և ՀՀ իշխանությունների քննարկումների առանցքում` որպես ծրագրի գլխավոր բաղադրիչ ներառված է նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության աջակցության հարցը։

ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը հանդես եկավ մի շարք առաջարկներով ժամանակակից աշխատաշուկայի մարտահրավերների հաղթահարման և աշխատուժի մրցունակության բարձրացման ուղղությամբ և իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու ծրագրի շրջանակներում նախատեսված գործողությունների իրագորմանը։

ՀԳՀՄ գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանն էլ նշեց, որ ՀԳՀՄ-ի կողմից արդեն նախաձեռնվել է ծրագիր` ուղղված Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը, որը կմեկնարկի առաջիկայում Աշխատանքի Միջազգային Կազմակերպության աջակցությամբ։ Լ.Ադամյանը կարևորեց այս նախաձեռնության իրագործումն այս փուլում, որը բարենպաստ հարթակ կհանդիսանա շահառուների կարիքների գնահատման և հետագայում համատեղ նոր միջոցառումների շրջանակներում ավելի հասցեական աջակցություն ցուցաբերելու համար։

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին արդյունավետ քննարկման և կարևոր խնդիրների վերհանման համար, որոնք հիմք կծառայեն ինչպես նախագծվող ծրագրերի գործողությունների հստակեցման, այնպես էլ բազմակողմանի և շարունակական համագործակցության զարգացման համար։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ