Կայացավ ՀԳՀՄ Խորհրդի հերթական նիստը

12-10-2026
Կայացավ ՀԳՀՄ Խորհրդի հերթական նիստը

Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) Խորհրդի հերթական նիստը, որին առկա և առցանց ձևաչափով մասնակցեցին ՀԳՀՄ Խորհրդի 20 անդամներից 15-ը։

Օրակարգի առաջին հարցի շրջանակում ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը նշեց, որ Միությունը հետևողականորեն ընդլայնում է իր անդամների շրջանակը, ինչը նպաստում է Միության ներուժի ամրապնդմանը, գործատուների շահերի առավել արդյունավետ ներկայացմանն ու պաշտպանությանը, ինչպես նաև մասնավոր հատվածի միասնական ձայնի ձևավորմանը։

Խորհրդի որոշմամբ հաստատվեց ՀԳՀՄ-ին անդամակցելու համար դիմած հետևյալ կազմակերպությունների անդամակցումը․

  1. «Ֆրանսիական բիզնես բպրոց Հայաստանում» hիմնադրամ
  2. «Բվիկ» կրթական հիմնադրամ
  3. «Սոֆթ Պլանետ» ՍՊԸ
  4. «Your Space» ՍՊԸ
  5. «Էյթուզեթ Թրեյդինգ Փարթներ» ՍՊԸ
  6. «Ֆինտեքս Քընսալթինգ» ՍՊԸ
  7. «Հետաքրքիր Աշխարհ» ՍՊԸ
  8. «Ջի Դիզայն» ՍՊԸ
  9. Վիկտորյա Աղաբեկյան Ա/Ձ (Language Plus Academy)
  10. Էլլադա Գրիգորյան Ա/Ձ (Smart Up Travel)
  11. Մարի Կուզիկյան ԱՁ (YurMari Art Fashion)

Օրակարգի մյուս հարցերի շրջանակում Խորհրդի անդամները քննարկեցին ՀԳՀՄ միջազգային համագործակցության զարգացմանն ու առաջիկա գործունեության առաջնահերթությունները։ Մասնավորապես, ներկայացվեցին սեպտեմբերի 10–12-ը Ստոկհոլմում կայացած Գործատուների միջազգային կազմակերպության (IOE) տարեկան համաժողովին ՀԳՀՄ նախագահի մասնակցության արդյունքներն ու միջազգային համագործակցության հնարավորությունները։

«UCOM» ընկերության անդամակցության և Միության հետ համագործակցության զարգացման հարցերի քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև առաջիկայում նախատեսվող համագործակցության հուշագրի ստորագրմանը և կարևորվեց կողմերի միջև համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ նախաձեռնությունների իրականացման նպատակով։

Խորհրդի անդամները քննարկեցին նաև ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ նոյեմբերին կայանալիք գործարար աշխատաժողովի օրակարգի ձևավորման նպատակով գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջնահերթ բարեփոխումների և առկա խնդիրների վերաբերյալ առաջարկությունները։ Անդրադարձ կատարվեց նաև Միության Խորհրդի կազմի վերանայման և Կանոնադրության լրամշակման հարցերին։

Նիստի ընթացքում տեղի ունեցած մտքերի փոխանակումը նպաստեց Միության հետագա գործունեության առաջնահերթությունների շուրջ դիրքորոշումների հստակեցմանը և գործատուների շահերի արդյունավետ ներկայացմանն ուղղված համագործակցության շարունակականության ապահովմանը։

Ամփոփելով օրակարգային հարցերը և միաձայն կողմ քվեարկելով օրակարգային բոլոր հարցերին` Խորհուրդն ավարտեց իր աշխատանքները։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ