Կայացավ «BizNet» գործարար հանդիպումների հերթական միջոցառումը

05-08-2026
Կայացավ «BizNet» գործարար հանդիպումների հերթական միջոցառումը

Օգոստոսի 2-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ Դիլիջանում կայացավ «BizNet» գործարար նեթվորքինգ միջոցառումը, որը հերթական անգամ հաստատեց, որ հաջող բիզնեսի հիմքում առաջին հերթին մարդկանց միջև ձևավորվող վստահությունն ու արդյունավետ կապերն են։

Միջոցառումը համախմբել էր Միության անդամ ընկերությունների ղեկավարներին և ներկայացուցիչներին, տարբեր ոլորտների ձեռնարկատերերին՝ ստեղծելով բարենպաստ միջավայր նոր ծանոթությունների, փորձի փոխանակման և համագործակցության հնարավորությունների ձևավորման համար։

Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց ընկերություններն ու գործունեությունը, քննարկեցին համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները և հաստատեցին բազմաթիվ նոր գործարար կապեր։ Ազատ և ոչ ֆորմալ միջավայրը նպաստեց բաց ու անմիջական շփմանը՝ ձևավորելով վստահության այն մթնոլորտը, որը հաջող համագործակցության ամենակարևոր նախապայմաններից մեկն է։

Օրվա մշակութային հատվածը շարունակվեց այցելությամբ Գոշավանք վանական համալիր, իսկ երեկոյան «Dilichella Resort»-ում կազմակերպած երեկոն դարձավ գործարար շփումների բնական շարունակությունը։

«BizNet»-ի գաղափարը պարզ է․ ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր հանդիպում կարող է վերածվել նոր գործընկերության, յուրաքանչյուր զրույց՝ համատեղ նախագծի, իսկ յուրաքանչյուր նոր ծանոթություն՝ բիզնեսի զարգացման իրական հնարավորության։

Միջոցառմանը յուրահատուկ տրամադրություն հաղորդեցին նաև մեր գործընկերները՝ Dilichella Resort, Hin Areni, KAFFA Armenian Coffee, Choko Yan, 379 Beer, Laboratoire SVR, Haterk Food, InfoSkills և Sweetberg ընկերությունները, որոնք իրենց հաճելի անակնկալներով տպավորիչ և հիշարժան պահեր պարգևեցին բոլոր մասնակիցներին։

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Dilichella Resort-ին՝ ջերմ հյուրընկալության, բարձրակարգ սպասարկման և միջոցառման համար ստեղծված գեղեցիկ ու ներդաշնակ մթնոլորտի համար։

Միջոցառումն իրականացվեց «FS Project» ընկերության հետ համագործակցությամբ։

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը շարունակելու է զարգացնել «BizNet» նախաձեռնությունը՝ որպես անդամ ընկերությունների միջև համագործակցության խորացման, նոր բիզնես հնարավորությունների բացահայտման, փորձի փոխանակման և գործարարների միջև փոխվստահության ամրապնդման արդյունավետ հարթակ։

 

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ