Կայացավ ՀԳՀՄ Խորհրդի հերթական նիստը

06-07-2026
Կայացավ ՀԳՀՄ Խորհրդի հերթական նիստը

Հուլիսի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) Խորհրդի հերթական նիստը։
Նիստին առկա և առցանց ձևաչափով մասնակցեցին ՀԳՀՄ Խորհրդի 20 անդամներից 15-ը։
Նիստի օրակարգային հարցերն էին`
1. ՀԳՀՄ նոր անդամների անդամակցության հաստատում։
2. Հունիսի 8-10-ը Ժնևում կայացած Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 114-րդ նստաշրջանի Միության պատվիրակության մասնակցության արդյունքների ներկայացում։
3. Գործատուների միջազգային կազմակերպությանը (IOE) ՀԳՀՄ անդամակցման ներկայացում և հետագա համագործակցության հնարավորությունների քննարկում։
4. Միության անդամակցության ներգրավման ռազմավարության քննարկում:
5. Օրակարգային այլ հարցեր։
Օրակարգի առաջին հարցի շրջանակում ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը նշեց, որ Միությունը հետևողականորեն շարունակում է ընդլայնել իր անդամների շրջանակը, որոնց ներգրավումը նպաստում է Միության ներուժի ամրապնդմանը, գործատուների շահերի առավել արդյունավետ ներկայացմանն ու պաշտպանությանը, ինչպես նաև մասնավոր հատվածի միասնական ձայնի ձևավորմանը։
Խորհրդի որոշմամբ հաստատվեց ՀԳՀՄ-ին անդամակցելու համար դիմած հետևյալ կազմակերպությունների անդամակցումը․
1. «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա» ՀԿ
2. ««Զենիթ» ակադեմիա» կրթական հիմնադրամ
3. «ՋԻԱՌ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ» ՍՊԸ
Խորհրդի անդամների կողմից միաձայն քվեարկությամբ հաստատվեց նոր կազմակերպությունների անդամակցումը, ինչը կարևոր քայլ է համատեղ ծրագրերի իրականացման, ռեսուրսների արդյունավետ համախմբման և ոլորտային ներուժի առավելագույն օգտագործման ուղղությամբ։


Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում ներկայացվեցին Ժնևում կայացած Աշխատանքի միջազգային կազմակերպության (International Labour Organization) 114-րդ նստաշրջանին Հայաստանի գործատուների հանրապետական միության պատվիրակության մասնակցության արդյունքները։ Նշվեց, որ նստաշրջանի շրջանակում պատվիրակությունը մասնակցել է լիագումար նիստերին, թեմատիկ քննարկումներին, ինչպես նաև ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։ Կարևորվեց միջազգային աշխատանքային օրակարգում գործատուների դիրքորոշումների ներկայացումը, փորձի փոխանակումն ու նոր համագործակցային կապերի հաստատումը։

Խորհրդի անդամներին ներկայացվեց նաև Գործատուների միջազգային կազմակերպությանը (International Organisation of Employers) ՀԳՀՄ անդամակցության ընթացքը և դրանից բխող հնարավորությունները։ Ընդգծվեց, որ IOE-ին անդամակցությունը զգալիորեն ընդլայնում է ՀԳՀՄ-ի միջազգային համագործակցության շրջանակը՝ հնարավորություն ընձեռելով մասնակցելու միջազգային մակարդակով գործատուների շահերի ներկայացման գործընթացներին, օգտվելու կազմակերպության փորձագիտական և խորհրդատվական ռեսուրսներից, ինչպես նաև ներգրավվելու միջազգային ծրագրերում և նախաձեռնություններում։

Առանձին անդրադարձ կատարվեց ՀԳՀՄ անդամակցության ներգրավման ռազմավարությանը, գործատուների շահերի արդյունավետ պաշտպանության և անդամների համար նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ։


Ամփոփելով օրակարգային հարցերը և միաձայն կողմ քվեարկելով օրակարգային բոլոր հարցերին` Խորհուրդն ավարտեց իր աշխատանքները։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ