Կայացավ «Տնտեսության ֆորմալացումը՝ որպես բիզնեսի աճի նախապայման» խորագրով ՀԳՀՄ համաժողովը

20-04-2026
Կայացավ «Տնտեսության ֆորմալացումը՝ որպես բիզնեսի աճի նախապայման» խորագրով ՀԳՀՄ համաժողովը

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ և Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ ապրիլի 17-ին կայացավ «Տնտեսության ֆորմալացումը՝ որպես բիզնեսի աճի նախապայման» խորագրով համաժողովը։

Համաժողովի նպատակն էր պետություն-մասնավոր հատված կառուցողական երկխոսության միջոցով համատեղ ձևավորել բիզնեսի զարգացման նոր ճանապարհային քարտեզ՝ Հայաստանում ֆորմալ տնտեսության խթանման ուղղությամբ։

Միջոցառումը համախմբել էր պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, սոցիալական գործընկերների, գործարար համայնքի և ոլորտում շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու տնտեսության ֆորմալացման առանցքային մարտահրավերներն ու հնարավորությունները։ Համաժողովին մասնակցելու համար Միության հրավերով նաև Ժնևից Հայաստան էր ժամանել Աշխատանքի միջազգային կազմակերպություն (ԱՄԿ) Գործատուների հարցերով բյուրոյի տնօրեն Դեբորահ Ֆրանսեն, ինչպես նաև ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի Գործատուների հարցերով ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչը։

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, ով իր խոսքում ընդգծեց տնտեսության ֆորմալացման առանցքային նշանակությունը՝ որպես արտադրողականության բարձրացման, արդար մրցակցության ապահովման և կայուն տնտեսական աճի հիմնասյուն։ Նա շեշտեց, որ ֆորմալ դաշտում գործելը պետք է դառնա ոչ թե բեռ, այլ մրցակցային առավելություն բիզնեսի համար։

Միջոցառման մասնակիցներին ողջունեցին ԱՄԿ գործատուների հարցերով բյուրոյի տնօրեն Դեբորահ Ֆրանսեն, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։

Բանախոսները կարևորեցին տնտեսության ֆորմալացման դերը՝ նշելով, որ ստվերային տնտեսության կրճատումը և թափանցիկ բիզնես միջավայրի ձևավորումը հանդիսանում են կայուն տնտեսական աճի և մրցունակության բարձրացման կարևոր հենասյուններ։ Միաժամանակ ընդգծվեց պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ արդյունավետ և հավասարակշռված քաղաքականությունների մշակման համար։

Համաժողովի առաջին պանելային քննարկումը, որը կրում էր «Հարկադրանք, թե խթաններ. ստվերից դուրս գործելը շահավետ դարձնելուն միտված հարկային քաղաքականության և վարչարարության նոր մոտեցումներ» խորագիրը, միավորել էր պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։ Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ֆինանսների նախարարության Եկամուտքների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը և «Ամերիա» ՓԲԸ գործընկեր, Կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

Քննարկումը վարում էր Միության նախագահ Վահագն Համբարձումյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց հարկային քաղաքականության և վարչարարության այնպիսի մոտեցումներին, որոնք կարող են խթանել բիզնեսների անցումը ֆորմալ դաշտ։ Մասնակիցները շեշտեցին կանխատեսելի, ոչ ընտրողական և թվայնացված վարչարարության կարևորությունը, ինչպես նաև այնպիսի հարկային համակարգի անհրաժեշտությունը, որը չի խոչընդոտում բիզնեսի աճին, այլ հակառակը՝ խրախուսում է ներդրումները և արտադրողականության բարձրացումը։

Երկրորդ պանելային քննարկումը նվիրված էր «Զբաղվածության ֆորմալացում՝ հանուն աշխատողների բարեկեցության բարձրացման և տնտեսական մրցունակության խթանման» թեմային։ Քննարկմանը մասնակցեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի Գործատուների հարցերով ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։

Քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձան ոչ ֆորմալ զբաղվածության կրճատման, վարձու աշխատանքի թափանցիկության բարձրացման և սոցիալական պաշտպանության մեխանիզմների կատարելագործման հարցերին։ Ընդգծվեց, որ ֆորմալ զբաղվածության խթանումը ոչ միայն բարձրացնում է աշխատողների բարեկեցությունը, այլ նաև նպաստում տնտեսության ընդհանուր մրցունակության աճին։ Կարևորվեց նաև կանանց և երիտասարդների ներգրավվածության բարձրացումը ֆորմալ աշխատաշուկայում։

Համաժողովի ընթացքում ծավալված քննարկումները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ տնտեսության ֆորմալացումը պետք է դիտարկվի ոչ թե որպես վարչարարական բեռ, այլ որպես երկարաժամկետ զարգացման հնարավորություն՝ ապահովելով արդար մրցակցություն, բարձր արտադրողականություն և սոցիալական կայունություն։

Համաժողովի արդյունքներով կմշակվի առաջարկությունների համապարփակ փաթեթ, որը կներկայացվի ՀՀ կառավարությանը՝ նպատակ ունենալով նպաստել տնտեսության ֆորմալացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը և կայուն տնտեսական աճի ապահովմանը։

https://www.youtube.com/watch?v=xe8At-WjDQs

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ