Կայացավ ՓՄԶ զարգացման խորհրդի հերթական նիստը

15-07-2026
Կայացավ ՓՄԶ զարգացման խորհրդի հերթական նիստը

Հուլիսի 14-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։

Նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց նախորդ քննարկումների արդյունքում կայացված որոշումների կատարման ընթացքին և փոքր ու միջին ձեռնարկությունների գործունեության վրա դրանց ազդեցությանը։ Մասնավորապես, քննարկվեցին առևտրային ցանցերի և մատակարար կազմակերպությունների միջև վճարային պարտավորությունների պարբերաբար չկատարման կանխարգելմանն ուղղված կարգավորումների կիրառման ընթացքը, ինչպես նաև դրանց արդյունավետության բարձրացման նպատակով հետագա աշխատանքների անհրաժեշտությունը։

Խորհրդի անդամներն ընդգծեցին նաև Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի արդյունավետ իրականացման համար բարենպաստ ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորման կարևորությունը։

Օրակարգում ընդգրկված էր նաև ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ եկող վարչարարական խոչընդոտների նվազեցման հարցը։ Քննարկման արդյունքում փոխվարչապետի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված ներդրումային միջավայրի բարելավմանը և վարչարարության դյուրացմանը։

Նիստին մասնակցում էին Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը և Միության անդամ Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Ջուլիետա Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ 2025թ–ից Միությունը հանդիսանում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման պետություն-մասնավոր երկխոսության հարթակի անդամ, որի շրջանակներում իրականացնում է գործարար ոլորտի հիմնախնդիրների քարտեզագրում և հանդես գալիս օրենսդրական բարեփոխումների առաջարկներով` ուղղված գործարար միջավայրի բարելավմանը։

 

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ