Մարտի 18-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 31-րդ նիստը

19-03-2025
Մարտի 18-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 31-րդ նիստը

Նիստի ընթացքում քննարկվեց E-draft հարթակում տեղադրված` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հարցը (վարչական ակտի բողաքարկման դեպքում դրա գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերացում):

ՓՄՁ Զարգացման Խորհրդի անդամները նիստի ընթացքում իրենց բացասական դիրքորոշումը հայտնեցին հարցի շուրջ` հնչեցնելով շատ կարևոր կարծիքներ ու առաջարկություններ: Մասնավորապես, հարցի շուրջ իրենց բացասական դիրքորոշումը հայտնեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ներկայացուցիչ Հակոբ Ավագյանը, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը, «Ամերիկայի Առևտրի պալատը Հայաստանում» կազմակերպության ներկայացուցիչ Արա Խզմալյանը, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ)» ներկայացուցիչ Տաթևիկ Ասատրյանը և «ԹՈՒԲԻ» բիզնեսի աջակցության հիմնադրամի ներկայացուցիչ Վլադիմեր Շատվերովը:

Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները ևս իրենց մտահոգությունը հայտնեցին ու առաջարկեցին վերանայել նախագծով առաջարկվող լուծումները` հաշվի առնելով նիստի ընթացքում հնչած առաջարկները:

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Դավիթ Ղարիբյանն էլ իր հերթին նշեց, որ նախագիծը նպատակ չի հետապնդում փոփոխելու գործող այն կարգավորումը, որ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի դարձած վարչական ակտերի հիման վրա։ Թեմայի շուրջ հայտարարությամբ հանդես եկավ նաև ՊԵԿ ներկայացուցիչ Արման Մնացականյանը՝ նշելով, որ նախագիծը չի փոփոխելու Հարկային մարմնի կողմից կազմված ակտերով դրամական պահանջների կատարման ժամկետը, որը ներկայումս սահմանված է ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նախագծում հստակեցնել, որ նշված դիրքորոշումների հիման վրա հստակ կսահմանվի, որ դրամական պահանջ (տուգանք, հարկային պարտավորություն) առաջացնող վարչական ակտերը՝ դատական կարգով բողոքարկման դեպքում ենթակա չեն լինի կատարման մինչև բողոքարկման գործընթացի ավարտը։

Այնուամենայնիվ, այլ վարչական ակտերի կատարումը չկասեցնելու նախագծով առաջարկվող կարգավորման վերաբերյալ դիրքորոշումը մնաց բացասական և նիստի մասնակիցները պայմանավորվեցին շարունակել քննարկումը:

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ