Մեկնարկեց ՀԳՀՄ անդամների կարողությունների հզորացման ծրագիրը

26-06-2025
Մեկնարկեց ՀԳՀՄ անդամների կարողությունների հզորացման ծրագիրը

Հունիսի 25-ին մեկնարկեց Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախաձեռնությամբ իրականացվող Միության անդամների կարողությունների հզորացմանն ուղղված ծրագիրը, որի նպատակն է նպաստել ՀԳՀՄ անդամների բիզնեսի կառավարման հմտությունների կատարելագործմանը, ֆինանսական գրագիտության բարձրացմանը, ինչպես նաև բիզնես գործընթացներում արհեստական բանականության գործիքների արդյունավետ կիրառման հմտությունների զարգացմանը։

Ծրագիրն իրականացվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ «ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում` աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացման անցման խթանման ուղղությամբ, փախստականների հետ կապված ճգնաժամի համատեքստում» ԱՄԿ նախաձեռնության շրջանակներում։

Դասընթացի մասնակիցներին ողջունեց ՀԳՀՄ գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, ով նշեց, որ այս ծրագիրը բացառիկ հնարավորություն է Միության անդամների համար համատեղ ուժերով կառուցելու բիզնեսի զարգացման նոր մշակույթ` զինվելով ժամանակակից գիտելիքներով, հմտություններով ու նորարարական լուծումներով։ Նա ընդգծեց, որ ծրագիրը մշակվել է՝ հիմք ընդունելով գործարար ոլորտի ժամանակակից մարտահրավերներն ու ապագայի պահանջները։

Ծրագիրը ներառում է 16 դաս, որոնք մշակվել են ՀԳՀՄ անդամ կազմակերպություններ` «Բի Էս Սի» (BSC) Բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանի, «Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Սողոմոն Միրզոյանի, AI Ակադեմիայի համահիմնադիր Շավարշ Կարապետյանի հետ սերտ համագործակցությամբ։

Առաջին դասը, որը վարեց «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը, նվիրված էր «Ռազմավարական պլանավորում անորոշության ժամանակներում» թեմային։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան ռազմավարական մտածողության և պլանավորման ժամանակակից գործիքների և բիզնեսի կայուն զարգացման ապահովման գործընթացում դրանց կիրառման ձևերին: Հատուկ ուշադրություն դարձվեց նաև ձախողումների մարքեթինգի մոտեցումներին, որոնք կարող են վերածվել արժեքավոր փորձի և նոր հնարավորությունների։

Դասընթացը ուղեկցվում էր գործնական քննարկումներով, վերլուծություններով և իրական բիզնես դեպքերի օրինակներով, ինչը հնարավորություն կտա մասնակիցներին ստացած գիտելիքները հետագայում գործնականում կիրառել իրենց գործունեության ընթացքում:

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ