Մեկնարկել են ձեռնարկատիրական կրթության ծրագրի երկրորդ խմբի դասընթացները ԼՂ տեղահանված անձանց համար

16-07-2025
Մեկնարկել են ձեռնարկատիրական կրթության ծրագրի երկրորդ խմբի դասընթացները ԼՂ տեղահանված անձանց համար

Հուլիսի 15-ին մեկնարկեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի երկրորդ խմբի դասընթացները, որոնք իրականացվում են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ։ Ծրագիրը նպատակաուղղված է մասնակիցների բիզնես մտածողության ու գործարար հմտությունների զարգացմանը, նրանց ինքնազբաղվածության և ձեռներեցության խթանմանը, սոցիալ–տնտեսական ինտեգրմանը։

Ծրագրի երկրորդ խմբի դասընթացները կազմակերպվում են առցանց ձևաչափով` նպատակ ունենալով ընդլայնել ծրագրի աշխարհագրական հասանելիությունը և հնարավորություն տալ ՀՀ տարբեր մարզերում բնակվող շահառուներին մասնակցել դասընթացներին։

Ծրագիրը ներառում է 12 թեմատիկ դասընթաց, որոնք կվարեն ոլորտի փորձառու մասնագետները` ՀԳՀՄ Խորհրդի անդամ, տնտեսագիտության տեսաբան, ֆինանսիստ Միհրան Թադևոսյանն ու «Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիա» ՀԿ նախագահ, ֆինանսական փորձագետ, տ.գ.թ. Սողոմոն Միրզոյանը։

Առաջին դասը վարեց Միհրան Թադևոսյանը, որը նվիրված էր «Բիզնեսի էությունը և տնտեսագիտական բովանդակությունը» թեմային։ Դասի ընթացքում մասնակիցները ծանոթացան բիզնեսի հիմնական սկզբունքներին, տնտեսական համակարգերի տեսակներին, բիզնես գործունեության ձևերին ու դրանց դասակարգմանը, ինչպես նաև այն հիմնական սխալներին, որոնք հաճախ իրականացվում են սկսնակ ձեռներեցների կողմից։

Ծրագրի առաջիկա դասերի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն բիզնեսի գրանցման կարգը, օրենսդրական դաշտի առանձնահատկությունները, բիզնեսի պլանավորման ու ֆինանսական կառավարման հիմնական մոտեցումները, գնագոյացման ու հարկային համակարգի կառուցվածքը, ինչպես նաև կապիտալի ներգրավման և շուկայում դիրքավորման արդյունավետ ուղիները։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ՝ «ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացման անցման խթանման ուղղությամբ, փախստականների հետ կապված ճգնաժամի համատեքստում» նախաձեռնության շրջանակներում։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ