Միության անդամ «Փոքրիկ իշխան» կրթահամալիրը նշեց հիմնադրման 25-ամյակը

18-05-2026
Միության անդամ «Փոքրիկ իշխան» կրթահամալիրը նշեց հիմնադրման 25-ամյակը

Մայիսի 16-ին տեղի ունեցավ «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր տոնակատարությունը, որը համախմբել էր կրթահամալիրի սաներին, ծնողներին, ուսուցիչներին, գործընկերներին, ինչպես նաև կրթական և հասարակական ոլորտների ներկայացուցիչներին։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը, Խորհրդի անդամ Շավարշ Կարապետյանը և գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը։

Միջոցառման շրջանակում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը, ով առաջին հերթին շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց կրթահամալիրի հիմնադիր Անահիտ Սարգսյանին՝ կրթօջախի հիմնադրման, տարիների հետևողական աշխատանքի, ինչպես նաև պատասխանատու և հայրենասիրական մտածողությամբ սերունդ ձևավորելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Այնուհետև նա իր շնորհավորանքի խոսքերը հղեց «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի տնօրեն, ՀԳՀՄ նախագահի տեղակալ Մարիա Խախամյանին, ինչպես նաև ողջ կրթական համայնքին՝ կրթօջախի հիմնադրման 25-ամյակի առթիվ։

Նա ընդգծեց, որ կրթահամալիրն իր գործունեության ընթացքում կարողացել է ձևավորել այնպիսի կրթական միջավայր, որտեղ ներդաշնակորեն համադրվում են ժամանակակից կրթական մոտեցումները, ազգային արժեքների պահպանումը և անհատի համակողմանի զարգացումը։

Տոնակատարության օրը կրում էր խորհրդանշական նշանակություն՝ հատուկ ընտրված լինելով ըստ եկեղեցական տոնացույցի նշվող Երկրորդ Ծաղկազարդի օրը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում էր կրթահամալիրի մշակութային և արժեքային հիմքերը, ազգային ավանդույթների պահպանման կարևորությունը, ինչպես նաև ծեսերի միջոցով սաների արժեքային համակարգի ձևավորման գաղափարը։

Միջոցառման առաջին հատվածում ցուցադրվեց կրթահամալիրի 25-ամյա գործունեությանը նվիրված ֆիլմը, որն անդրադառձավ կրթօջախի անցած ճանապարհին, ձեռքբերումներին և ձևավորված կրթական միջավայրին։

Երկրորդ հատվածը նվիրված էր գործընկերներին և համագործակցության պատմությանը՝ արժևորելով այն մարդկանց ու կառույցների ներդրումը, որոնք տարիներ շարունակ եղել են կրթահամալիրի կողքին։

Միջոցառումն ամփոփվեց համայնքային տոնախմբությամբ, որի ջերմ և միավորող մթնոլորտը ևս մեկ անգամ ընդգծեց «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի շուրջ ձևավորված ամուր համայնքը, փոխադարձ վստահության, սիրո և համատեղ ստեղծարարության արժեքը։

Սիրով շնորհավորում ենք մեր գործընկեր Մարիա Խախամյանին և «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի ողջ թիմին այս կարևոր և խորհրդանշական հոբելյանի առթիվ՝ մաղթելով շարունակական հաջողություններ, նոր ձեռքբերումներ և կրթական առաքելության նոր բարձունքներ։

Հատկանշական է նաև, որ միջոցառման օրը համընկնում էր նաև Ուսանողների միջազգային օրվա հետ՝ միջոցառմանը հաղորդելով կրթության, երիտասարդության և շարունակական զարգացման գաղափարների առավել խորը խորհուրդ։

https://www.youtube.com/watch?v=H4qowy1QsQc

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ