Միության անդամները` նախագահ Վ. Համբարձումյանի գլխավորությամբ մասնակցեցին Դիլիջանում անցկացվող գործարար աշխատաժողովին

18-04-2025
Միության անդամները` նախագահ Վ. Համբարձումյանի գլխավորությամբ մասնակցեցին Դիլիջանում անցկացվող գործարար աշխատաժողովին

Հայաստանի գործատուների հանրապետական միության մի շարք անդամներ` Միության նախագահ Վահագն Համբարձումյանի գլխավորությամբ Դիլիջանում մասնակցեցին «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին:

Կառավարություն-գործարար համայնք ձևաչափով անցկացված աշխատաժողովը կազմակերպվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով լայն ընդգրկմամբ, բաց և արդյունավետ քննարկումների միջոցով բացահայտել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր հնարավորություններ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև հստակեցնել բարեփոխումների առաջնահերթությունները՝ համատեղ որոշումների կայացման համար:

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով ընդգծեց նման նախաձեռնությունների և աշխատաժողովների կազմակերպման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ճշգրտման, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։

Վարչապետը մանրամասն անդրադարձ կատարեց Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններին և առկա մարտահրավերներին՝ նշելով գործադիր իշխանության և մասնավոր հատվածի միջև շարունակական, կառուցողական ու արդյունավետ երկխոսության կարևորությունը:

Նախագահի և վարչապետի ելույթներին հաջորդեցին «Մակրոտնտեսական, ներդրումային և կրթական քաղաքականությունները՝ որպես տնտեսական մրցունակության հենասյուներ», «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն», «Կառավարություն-գործարար համայնք երկխոսության հեռանկարները» թեմաների շուրջ պանելային քննարկումներ:

«Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» պանելային քննարկման խոսնակներից էր Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, ով անդրադարձավ ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր ընթացիկ բարեփոխումների արդյունավետության բարձրացման, Պետական եկամուտների կոմիտեի վարչարարության կատարելագործման անհրաժեշտության, ինչպես նաև գործադիր իշխանության կողմից ընդունվող որոշումների ներառականության ապահովման վերաբերյալ:

Գործարար աշխատաժողովի մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելեցին նաև Կիրանց` ծանոթանալու սահմանազատումից հետո իրականացված աշխատանքներին և գործընթացից հետո բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքներին:

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ