Միության անդամները ներկայացրին Չինաստանում ձեռք բերած փորձը

15-10-2026
Միության անդամները ներկայացրին Չինաստանում ձեռք բերած փորձը

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը հանդիպեց Չինաստանում սեմինարին մասնակցած խմբի անդամներին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին սեմինարի շրջանակում ձեռք բերված փորձն ու գիտելիքները, ինչպես նաև դրանց կիրառման և հայ-չինական գործարար կապերի զարգացման հնարավորությունները։ Միության նախագահ Վահագն Համբարձումյանն ընդգծեց միջազգային փորձի ուսումնասիրության և դրա հետագա գործնական կիրառման կարևորությունը՝ անդամ կազմակերպությունների զարգացման, մրցունակության բարձրացման և նոր գործարար հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից։

Հիշեցնենք, որ Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամները օգոստոսի 6-26-ը մասնակցեցին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցզյանսի նահանգի Նանչան քաղաքում անցկացված՝ Կենտրոնական Ասիայի երկրների փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը նվիրված միջազգային սեմինարին, որի նպատակն էր ներկայացնել փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման չինական փորձը, քննարկել դրանց աջակցության քաղաքականության մշակման ու իրականացման մոտեցումները և խթանել միջազգային տնտեսական համագործակցությունը։

Ծրագրի շրջանակում մասնակիցներն ուսումնասիրեցին Չինաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման քաղաքականությունը, առևտրի և ներդրումների խթանման մեխանիզմները, մարդկային ռեսուրսների կառավարման և ռազմավարական պլանավորման չինական փորձը։ Ուսուցումը ներառում էր տեսական դասընթացներ, գործնական քննարկումներ, փորձի փոխանակում և գործարար այցեր՝ հնարավորություն ընձեռելով ծանոթանալու ձեռնարկությունների զարգացման արդյունավետ մոտեցումներին և դրանց կիրառման փորձին։

Կարևորելով Միության անդամների միջազգային համագործակցության հնարավորությունների ընդլայնումը, նոր շուկաների և գործընկերների հետ կապերի հաստատումը, ինչպես գործարարների բիզնեսի կառավարման հմտությունների զարգացմանն ուղղված միջազգային փորձի ուսումնասիրությունն ու տեղայնացումը` նմանատիպ նախաձեռնություններով Միությունը հետևողականորեն կշարունակի նպաստել անդամ կազմակերպությունների կարողությունների զարգացմանը և գործարար կապերի ամրապնդմանը։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ