Միության պատվիրակությունը մասնակցեց ԱՄԿ 114-րդ Աշխատանքի միջազգային համաժողովին

11-06-2026
Միության պատվիրակությունը մասնակցեց ԱՄԿ 114-րդ Աշխատանքի միջազգային համաժողովին

Հայաստանի գործատուների հանրապետական միության պատվիրակությունը` ի դեմս նախագահ Վահագն Համբարձումյանի, նախագահի տեղակալներ Հարություն Գուլյանի և Նարե Սարգսյանի, ինչպես նաև փորձագետ Տիգրան Համբարձումյանի, հունիսի 8-10-ը մասնակցեցին Ժնևում անցկացվող Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանին, որը համախմբել էր 187 անդամ երկրների կառավարությունների, գործատուների և աշխատավորների կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու աշխատանքի ոլորտի զարգացման միտումներն ու մարտահրավերները։

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերների պատվիրակության կազմում էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և այլ անդամներ։

Այս տարվա համաժողովի առանցքում էին հարթակային տնտեսությունում արժանապատիվ աշխատանքի ապահովման միջազգային չափորոշիչների մշակումը, սոցիալական երկխոսության և եռակողմ համագործակցության ամրապնդումը, աշխատավայրում գենդերային հավասարության խթանումը, ինչպես նաև արհեստական բանականության ազդեցությունը աշխատանքի ապագայի վրա։

ԱՄԿ 114-րդ Աշխատանքի միջազգային համաժողովի լիագումար նիստում ելույթ ունեցավ Միության նախագահ Վահագն Համբարձումյանը։ Նա անդրադարձավ ԱՄԿ ընթացիկ բարեփոխումների գործընթացում Միության ակտիվ ներգրավվածությանը, ինչպես նաև համատեղ համագործակցության արդյունքում Հայաստանում իրականացված ծրագրերի ձեռքբերումներին։ Իր ելույթում Միության նախագահը նաև շեշտեց աշխատանքի ոլորտում տեղի ունեցող արագ փոփոխություններին համարժեք քաղաքականությունների ձևավորման կարևորությունը՝ ընդգծելով, որ գործատուների հարուստ փորձն ու գործնական գիտելիքները պետք է լիարժեք ներգրավվեն այդ գործընթացներում։

Եռակողմ գործընկերների նախաձեռնությամբ կազմակերպվեցին մի շարք կարևոր համատեղ հանդիպումներ ԱՄԿ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Հունիսի 9-ին տեղի ունեցավ սոցիալական գործընկերների հանդիպումը ԱՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Պիտեր Վան Ռուժի հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի աշխատաշուկայի զարգացման ընթացիկ մարտահրավերները, սոցիալական գործընկերության դերը տնտեսական զարգացման գործընթացներում, ինչպես նաև տարածաշրջանում իրականացվող ԱՄԿ ծրագրերը և եռակողմ գործընկերների ներգրավվածության հեռանկարները։

Հունիսի 10-ին եռակողմ գործընկերները հանդիպեցին ԱՄԿ գլխավոր տնօրենի գրասենյակի տնօրեն, տարածաշրջանային գծով գլխավոր տնօրենի օգնական Բեատե Անդրեասի հետ։ Հընթացս քննարկվեցին սոցիալական երկխոսության ամրապնդման հնարավորությունները և ԱՄԿ-ի հետ համագործակցության հետագա ուղղությունները։ Բեատե Անդրեասը բարձր գնահատեց Հայաստանի եռակողմ գործընկերության ձևաչափը և ընդգծեց, որ ԱՄԿ-ն պատրաստ է շարունակել տեխնիկական և փորձագիտական աջակցությունը Հայաստանի կառավարության, գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնություններում։

Միության պատվիրակության անդամները ակտիվ ներգրավվածություն ունեցան նաև համաժողովի կոմիտեների պլենար քննարկումներում և գործատուների աշխատանքային խմբերում։

Բոլոր հանդիպումների ընթացքում ԱՄԿ գործընկերներն առանձնահատուկ ընդգծեցին վերջին երկու տարիների ընթացքում Միության կողմից իրականացված ծավալուն աշխատանքներն ու գրանցված առաջընթացը՝ բարձր գնահատելով Միության ակտիվ ներգրավվածությունն ու արդյունավետ դերակատարությունը սոցիալական գործընկերության ամրապնդման գործընթացում։

Միության պատվիրակության մասնակցությունը ԱՄԿ 114-րդ նստաշրջանին և անցկացված բարձր մակարդակի հանդիպումները նշանակալի ձեռքբերում ապահովեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության միջազգային համագործակցության ընդլայնման, միջազգային գործընկերային կապերի ամրապնդման և հայաստանյան բիզնեսի շահերի առավել արդյունավետ ներկայացման ճանապարհին։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ