Միության Խորհրդի անդամ Նարե Սարգսյանը մասնակցեց ԱՄԿ տարածաշրջանային աշխատաժողովին արդար անցումային քաղաքականության վերաբերյալ

06-10-2025
Միության Խորհրդի անդամ Նարե Սարգսյանը մասնակցեց ԱՄԿ տարածաշրջանային աշխատաժողովին արդար անցումային քաղաքականության վերաբերյալ

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) Խորհրդի անդամ, «Պարադետ» խորհրդատվական ընկերության հիմնադիր և աշխատանքի անվտանգության փորձագետ Նարե Սարգսյանը մասնակցեց Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ/ILO) կողմից կազմակերպված «Արդար անցումային քաղաքականության ինտեգրումը ազգային մակարդակով սահմանված գործողություններում սոցիալական երկխոսության միջոցով» տարածաշրջանային գիտելիքների փոխանակման առցանց աշխատաժողովին։

Աշխատաժողովը նպատակ ուներ աջակցել ԱՄԿ անդամ երկրներին՝ պատրաստվել COP29-ից հետո սկսվող նոր քաղաքական փուլին՝ միաժամանակ խթանելով սոցիալական երկխոսությունը և արդար անցման սկզբունքների կիրառումը ազգային կլիմայական գործողությունների շրջանակներում (NDCs 3.0)։ Հանդիպումը միավորեց եվրոպական և Կենտրոնական Ասիայի ավելի քան 18 երկրների կառավարության, գործատուների և աշխատողների ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների փորձագետների։

Եռօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր թեմաներ՝

  • Կլիմայական փոփոխությունների ազդեցությունը աշխատաշուկայի վրա,
  • Աշխատանքի պայմանների բարելավումը նոր տնտեսական իրականությունում,
  • Գենդերային հավասարության խթանումը կանաչ տնտեսության աճի շրջանակներում,
  • Կրթություն, հմտությունների զարգացում և միգրացիոն քաղաքականությունների համադրումը արդար անցման շրջանակներում։

Բարձրացվեցին նաև ոլորտային քաղաքականության և տնտեսական մոդելավորման հարցեր՝ կենտրոնանալով այն փաստի վրա, որ նոր աշխատատեղեր ստեղծելու, հմտությունների վերազինման և սոցիալական ապահովության քաղաքականությունները պետք է ներդաշնակեցվեն Հայաստանի Ազգային Մակարդակով Սահմանված Գործողությունների (ԱՍԳ 3.0/ NDCs 3.0) հետ։

Որպես ՀԳՀՄ ներկայացուցիչ և խոսնակ` հոկտեմբերի 1-2-ը Նարե Սարգսյանն առցանց ձևաչափով մասնակցեց տարբեր թեմատիկ կլոր-սեղան քննարկումներին։ Նա ներկայացրեց ՀԳՀՄ դիրքորոշումն ու փորձը՝ անդրադառնալով հետևյալ հարցերին․

  • Սոցիալական երկխոսության ներկա մակարդակը Հայաստանում, ինչպես նաև գործատուների և պետական կառույցների համագործակցության ձևերը կլիմայական քաղաքականության և արդար անցման համատեքստում,
  • ՀԳՀՄ–ի դերը արդար անցման գործընթացներում և կլիմայական դիմակայունության և ներառական տնտեսական աճի խթանման գործում,
  • Անհրաժեշտ քայլերն արդյունավետ սոցիալական երկխոսության հաստատման, կանաչ հմտությունների զարգացման և կանանց համաչափ ներգրավման ուղղությամբ։

«Արդար անցման իրականացման ճանապարհին չափազանց կարևոր է գործատուների ու աշխատողների համատեղ ներգրավումը։ Քաղաքականության մշակման գործընթացները պետք է անցնեն սոցիալական երկխոսության ճանապարհով և ապահովեն թափանցիկություն` ի նպաստ բոլոր շահառուների», - ընդգծեց Ն.Սարգսյանը։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ