Միությունն ու GIZ-ը քննարկեցին ՄԿՈՒ բարեփոխումների ընթացքը և մասնավոր հատվածի ներգրավման ուղիները

20-11-2025
Միությունն ու GIZ-ը քննարկեցին ՄԿՈՒ բարեփոխումների ընթացքը և մասնավոր հատվածի ներգրավման ուղիները

Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի, նախագահի տեղակալ Մարիա Խախամյանի, գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանի և «Գերմանական միջազգային համագործակցության ընկերության» (ԳՄՀԸ/GIZ) հայաստանյան գրասենյակի թիմի ղեկավար Արամ Բաբայանի, ինչպես նաև փորձագետներ Նորա Սարգսյանի և Լիլիթ Հակոբյանի միջև։
Հանդիպման նպատակն էր համատեղ քննարկել ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումները և ուրվագծել մասնավոր հատվածի ներգրավվածության մեխանիզմները ոլորտային քաղաքականության, կրթական ծրագրերի մշակման, ինչպես նաև աշխատանքի վրա հենված ուսուցման կազմակերպման գործընթացներում։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան 2025 թվականին ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքին, որի նպատակն է ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող և մրցունակ կադրերի պատրաստման համար։ Ընդգծվեց, որ օրենսդրական բարեփոխումները միտված են խթանելու աշխատանքի վրա հիմնված կրթության զարգացումը, ինչպես նաև ոլորտի մասնավոր կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցային ձևաչափերի ներդրումը։

Հայաստանում դուալ ՄԿՈՒ համակարգի ներդրման հիմքում դրվել է գերմանական մոդելը՝ համադրված տեղական զարգացումների և մասնավոր հատվածի առանձնահատկությունների հետ։ Ստացված մեթոդաբանությունը ենթադրում է պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցության հստակ շրջանակի ձևավորում, ընտրված ոլորտներում հմտությունների վերլուծություն և վերապատրաստման կարիքների բացահայտում։ Դուալ ՄԿՈՒ համակարգում ուսումնառությունը կազմակերպվում է երկու հարթակում՝ ՄԿՈՒ հաստատությունում և մասնավոր ընկերությունում։ Աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, որպես դուալ համակարգի առանցքային բաղադրիչ, հնարավորություն է տալիս ուսանողներին ձեռք բերել շուկայի կողմից պահանջվող հմտություններ ու գործնական փորձ, ինչը նպաստում է մրցունակ աշխատանքային ուժի ձևավորմանը՝ պայմանավորված հմտությունների փոփոխվող պահանջներով։

GIZ-ը աջակցում է ՄԿՈՒ քոլեջներում որակավորման չափանիշների մշակմանը, մասնավոր ընկերություններում աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպմանը, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների ուսուցիչների և ձեռնարկություններում հրահանգիչների հմտությունների հզորացմանը։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու ընթացող բարեփոխումների իրագործմանը՝ ապահովելու ՄԿՈՒ հաստատությունների հետ գործատուների համագործակցությունը և նպաստելու աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացմանն ու տարածմանը։

Որոշվեց ստեղծել ՀԳՀՄ կրթական հանձնաժողով, որը կաջակցի վերոնշյալ գործընթացների արդյունավետ իրականացմանը։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ