Պանելային քննարկում հարկային հայտարարագրման բարեփոխումների մասին

28-10-2025
Պանելային քննարկում հարկային հայտարարագրման բարեփոխումների մասին

Հոկտեմբերի 27-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը և Միության մի շարք անդամներ մասնակցեցին Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացի ներկա փուլի և ակնկալվող փոփոխությունների վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Տնտեսական լրագրողների ակումբի (Economic Journalists Club) և Konrad-Adenauer-Stiftung Armenia հիմնադրամի համատեղ կազմակերպած պանելային քննարկմանը:

Քննարկման առանցքում ԱԺ-ի կողմից ընդունված վերջին փոփոխություններն էին, որոնցով պարզեցվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը և ներդրվում է նախալրացված ու ինքնաշխատ ներկայացվող հայտարարագրերի համակարգը։

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահի խորհրդական Միքայել Խաչատրյանը, կարևորելով հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ընդգծեց, որ հայտարարագրման գործընթացի վերաբերյալ վերջին փոփոխությունն առանցքային դեր ունի հարկաբյուջետային քաղաքականության զագացման և արդյունավետության բարձրացման տեսանկյունից։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի դիտարկմամբ՝ փոփոխությունների նպատակը հայտարարագրման գործընթացի պարզեցումն է։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի բնորոշմամբ՝ հայտարարագրման համակարգի մեկնարկը հաջողված է, և բոլոր ջանքերն ուղղվելու են, որպեսզի գործընթացը հանրության համար լինի առավել հարմար ու հնարավորինս աննկատ՝ կարճ ժամանակում հասնելով վերջնարդյունքի։

Պանելային քննարկումը վարեց «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի համահիմնադիր և նախագահ Հակոբ Ավագյանը։

Միջոցառումն անցավ ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը կարևորում է նման նախաձեռնությունների շարունակականությունը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս անմիջապես պատասխանատուներից ստանալ պարզաբանումներ և ներկայացնել նոր առաջարկներ համակարգի հետագա կատարելագործման համար։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ