ՓՄՁ Խորհրդի անդամները կրկին հայտնեցին իրենց բացասական դիրքորոշումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ
.jpg?token=4a89254607822fed7bf837e0e465cd28)
Հուլիսի 22-ին Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացավ ՓՄՁ Զարգացման Խորհրդի արտահերթ նիստ։
ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որը ենթադրում է վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրա գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերացում։
Հարցը նախկինում քննարկվել էր ՓՄՁ Զարգացման խորհրդի 27-րդ նիստում, որի ժամանակ ՓՄՁ Խորհրդի անդամները, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարության գործընկերները հայտնել էին բացասական դիրքորոշում հարցի վերաբերյալ: Նիստի ընթացքում որոշվել էր, որ նախագիծը կլրամշակվի ՀՀ Արդարադատության նախարարության կողմից, որից հետո հարցը կրկին կքննարկվի ՓՄՁ Խոհրդի նիստի շրջանակներում:
Նիստի սկզբում Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրեց լրամշակված նախագիծը, 2024 թվականի վարչական ակտերին վերաբերող վիճակագրական տվյալներն ու նախագծին վերաբերող մի շարք հարցեր:
Խորհրդի անդամներն ու ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նախորդ նիստում, այս անգամ նույնպես արտահայտեցին իրենց բացասական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ՝ ներկայացնելով բոլոր այն ռիսկերն ու խնդիրները, որոնք ներկայացված նախագիծը կարող է առաջացնել բիզնեսի համար՝ շեշտելով ևս մեկ անգամ, որ վարչական ակտի կասեցման համար զգալի վնասի ապացուցողական բեռը չի կարելի դնել բիզնեսի վրա։
Նախագծի վերաբերյալ իր բացասական դիրքորոշումն արտահայտեց նաև ՓՄՁ Զարգացման խորհրդի անդամ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, ով ընդգծեց, որ նման կարգավորումը լրացուցիչ խոչընդոտներ կստեղծի գործարարների համար։ Մասնավորապես, Վ.Համբարձումյանը շեշտեց, որ հատկապես փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների համար այս նախագծով առաջարկվող փոփոխությունները կարող են առաջացնել ֆինանսական և իրավական լուրջ հետևանքներ, իսկ զգալի վնասի ապացուցման պահանջը կդառնա լրացուցիչ վարչական ու փաստաթղթային բեռ, որը շատ դեպքերում գործարարները պարզապես ի վիճակի չեն լինելու իրականացնել, և այն կարող է հանգեցնել լուրջ կորուստների, երբեմն՝ նաև գործունեության դադարեցման։
Շնորհակալություն հայտնելով նիստի բոլոր մասնակիցներին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը իր եզրափակիչ ելույթում ամփոփեց քննարկման հիմնական փաստարկները և հանձնարարեց Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին ուսումնասիրել վարչական ակտերին վերաբերող վիճակագրական և դրանց բողոքարկման վերաբերյալ տվյալները` տարբերակելով հարուցված, ինչպես նաև ավարտված և չավարտված վարույթները, որից հետո արդեն հարցը կրկին կքննարկվի ՓՄՁ Խոհրդրի նիստի շրջանակներում:
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: