Հարկային օրենսգրքի խնդրահարույց փոփոխությունները

16-04-2024
Հարկային օրենսգրքի խնդրահարույց փոփոխությունները

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) տեղադրվել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է օրենսդրական կարգավորումներ սահմանել հարկային պլանավորման չարաշահումների և հարկ վճարողներին փոխկապակցված ճանաչելու դեպքերի առնչությամբ:

Նրանք պատճառաբանում են, որ գործատուները հաճախ կատարում են գործարքներ կամ կիրառում մեխանիզմներ, որոնք օրենքով թույլատրելի են, սակայն չեն բխում իրական տնտեսական պայմաններից՝ նպատակ ունենալով թաքցնել եկամուտը և այն բաշխել տարբեր տնտեսվարողների միջև։

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) առաջարկել է նախագծում իրականացնել բարեփոխումներ, սակայն հաճախ դրանց փոխարեն ՊԵԿ-ը ներկայացված նախագծով տվել է տրամագծորեն հակառակ և ՀԳՀՄ կարծիքով անհիմն ու կիրառման տեսանկյունից՝ անթույլատրելի կարգավորումներ։

Նոր օրենքի վտանգները

ՀԳՀՄ-ն դեմ է այս օրենքի փոփոխություններին։ Խնդրի նկարագիրն ավելի պատկերավոր լինելու համար կարևոր ենք համարում ընդգծել, որ նախագիծը նույն խմբագրությամբ օրենքի ուժ ստանալու դեպքում, ՀՀ բոլոր հարկ վճարողներն, առանց բացառության, տեսականորեն և գործնականորեն կարող են համարվել հարկային պլանավորման մեթոդների չարաշահման սխեմայի մասնակիցներ՝ դրանից բխող հետևանքներով: Իսկ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտները, շատ դեպքերում, զուտ օրենքով սահմանված պայմաններին ձևականորեն համապատասխանելու հիմքերով կարող են համարվել փոխկապակցված անձինք և հայտնվել հարկման ընդհանուր համակարգում կամ ենթարկվել միանգամայն անհամաչափ պատասխանատվության՝ անգամ այն դեպքերում, երբ առկա չեն իրացման շրջանառությունները տրոհելու կամ հարկման բազաները նվազեցնելու հանգամանքներ

Ի լրումն վերոգրյալի՝ խիստ մտահոգիչ և տարօրինակ է նաև օրենքն ուժի մեջ մտնելու սեղմ ժամկետների վերաբերյալ ներկայացված առաջարկությունը՝ 2024թ․ հուլիսի 1:

Ստորև տեսանյութում iravaban.net-ին տված հարցազրույցում ՀԳՀՄ-ն և գործարար համայնքի այլ ներկայացուցիչներ արտահայտում են իրենց մտահոգությունը օրենքի նախագծի մասով։

ՀԳՀՄ-ն, ի լրացումն 2023թ. նոյեմբերին ներկայացված առաջարկությունների փաթեթի, 2024թ. ապրիլին պաշտոնական նամակով դիմել է ՀՀ Վարչապետին՝ պետական շահագրգիռ մարմինների (ՀՀ Ազգային Ժողով, ՀՀ Ֆինանսների նախարարություն, ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն) և ՊԵԿ-ի հետ քննարկել ներկայացված նախագիծը՝ հաշվի առնելով Միության և գործարար համայնքի մտահոգությունները վերանայել նախագծի խնդրահարույց դրույթները, այնուհետև, բարելավված տարբերակը շրջանառել։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ