Քննարկում սոցիալական աջակցության բարեփոխումների շրջանակներում իրականացվող հասարակական աշխատանքների ծրագրերի վերաբերյալ

05-02-2025
Քննարկում սոցիալական աջակցության բարեփոխումների շրջանակներում իրականացվող հասարակական աշխատանքների ծրագրերի վերաբերյալ

Փետրվարի 5-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը մասնակցեց  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից նախաձեռնած  հասարակական աշխատանքների վերաբերյալ բարձր մակարդակի քննարկմանը, որի նպատակն էր խթանել շահագրգիռ կողմերի երկխոսությունը հասարակական աշխատանքների ծրագրերի իրականացման ուղղությամբ և համապատասխանեցնել բոլոր ներգրավված կողմերի  գործողություններն ու սպասելիքները՝ հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտի ընթացիկ բարեփոխումները։ 

Քննարկման հրավիրյալ բանախոսներն էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի  տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։ 

Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի  տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ով կարևորելով հասարակական աշխատանքների ծրագրերի (ՀԱԾ) դերը Հայաստանում` արձանագրեց, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է սոցիալական աջակցության ծրագրերի բարեփոխումներ՝ նպատակ ունենալով հասցեական օգնություն ցուցաբերել առավել խոցելի խմբերին և ստեղծել օգտակար ռեսուրսներ և ծառայություններ, որոնք անմիջապես կարձագանքեն հասարակության կարիքներին։ 

Ողջունելով մասնակիցներին` Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանն ընդգծեց, որ հասարակական աշխատանքների ծրագրերը (ՀԱԾ) ստեղծում են պետության կողմից հովանավորվող աշխատանքի և եկամտի հնարավորություններ՝ միաժամանակ ապահովելով կարևոր սոցիալական ծառայություններ և ձևավորելով տնտեսական արժեքներ, որոնք իրենց հերթին խթանում են աշխատուժի պահանջարկը տնտեսական անկման պայմաններում և պաշտպանում խոցելի խմբերին այն դեպքերում, երբ շուկան չի կարողանում ապահովել արժանապատիվ աշխատանք բոլորի համար։ Ուստի, դրանք լայն ընդգրկում ունեցող զբաղվածության և սոցիալական պաշտպանության քաղաքականությունների անբաժան մաս են կազմում։

Միջոցառման աշխատանքերը կոորդինացնող, ԱՄԿ Ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ քննարկումը նպատակաուղղված է ուսումնասիրելու ոլորտում առկա հաջողված փորձը, շահագրգիռ կողմերի հետ համատեղ քննարկելու հասարակական աշխատանքների ուղղությամբ իրականացվող քաղաքականությունն ու դերը, հնարավորություններն ու առաջարկությունները։ 

Միջոցառմանը հրավիրված միջազգային փորձագետները ներկայացրին միջազգային հաջողված փորձը, համաձայն որի այսօր շատ երկրներ օգտագործում են ՀԱԾ-ը որպես քաղաքականության արձագանք՝ ուղղված աշխատանքի սուղ պահանջարկի բավարարմանը։ 

Միջոցառմանը մասնակից շահագրգիռ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչների ու սոցիալական գործընկերների միջև ծավալվեց ակտիվ հարցուպատասխան, որը նպաստավոր հարթակ ստեղծեց կառուցողական քննարկման և համատեղ գործողությունների ըմբռնման համար` ձգտելով հնարավորինս համապատասխանեցնել ներպետական համատեքստին։ 

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ