Քննարկվեց թիվ 190 կոնվենցիայի վավերացման արդյունքում Հայաստանի ստանձնած պարտավորությունների և այդ գործընթացներում ՀԳՀՄ դերակատարման հարցը

07-11-2024
Քննարկվեց թիվ 190 կոնվենցիայի վավերացման արդյունքում Հայաստանի ստանձնած պարտավորությունների և այդ գործընթացներում ՀԳՀՄ դերակատարման հարցը

Նոյեմբերի 7-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) Խորհրդի անդամ Արթուր Հովհաննիսյանն ու գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը հյուրընկալեցին Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Գենդերային հավասարության և խտրականության դեմ պայքարի մասնագետ Օզգե Բերբեր–Ագտաշին և ԱՄԿ Ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանին։

Հանդիպման նպատակն էր սոցիալական գործընկերների հետ քննարկել «Բռնության և ոտնձգության մասին» թիվ 190 կոնվենցիայի վավերացման արդյունքում Հայաստանի ստանձնած պարտավորությունների և այդ գործընթացներում Հայաստանի գործատուների հանրապետական միության դերակատարման հարցը։

Սույն Կոնվենցիայի վավերացումը Անդամ պետությունների վրա առաջացնում է մի շարք պարտավորություններ, այդ թվում՝ օրենքով արգելել բռնությունն ու ոտնձգությունը, ընդունել համապարփակ ռազմավարություն՝ բռնության և ոտնձգության կանխման և դրա դեմ պայքարին ուղղված միջոցառումների իրականացման նպատակով, և ապահովել մշտադիտարկման մեխանիզմներ։ Այս կարգավորումները նպաստում են ՀՀ աշխատանքային քաղաքականության բարելավմանը, առողջ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը և աշխատողների իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգերի մշակմանը։

Հանդիպման ընթացքում համատեղ քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր. իրավաբան–փորձագետ Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ Կոնվենցիան  նախատեսում է լայն գործիքակազմ աշխատանքային հարաբերություններում բռնության և ոտնձգության դեպքերը կանխելու, բռնության և ոտնձգության զոհերին անհրաժեշտ պաշտպանության միջոցներ տրամադրելու համար, ինչը, ըստ էության, համահունչ է մեր գործող օրենսդրությանը, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ ավելանում է գործատուների կողմից աշխատողների համար լրացուցիչ վերապատրաստումներ իրականացնելու պարտականություն:

Հանդիպման վերջում կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Աշխատանքի միջազգային կազմակերպության և ՀԳՀՄ միջև եռակողմ համագործակցության շրջանակներում, ըստ անհրաժեշտության, ներգրավելով համապատասխան ներպետական և միջազգային փորձագետների, կմշակվեն համապատասխան վերապատրաստման ծրագրեր (կարգեր), որոնք կարող են որպես ուղենիշ ծառայել գործատուների համար՝ նվազեցնելով վերը նշված պարտականության համար ներդրվող ռեսուրսների ծավալը:

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ