Քննարկվեցին աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները

01-08-2025
Քննարկվեցին աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները

Օգոստոսի 1-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը հյուրընկալեց աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ոլորտի մասնագետներ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոսներ Լիանա Խաչատրյանին և Լիաննա Հակոբյանին։ Հանդիպման նպատակն էր քննարկել աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ոլորտի բարեփոխումների հնարավորությունները և համագործակցության ուղիները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությանը, մասնավորապես՝ Եվրոպական սոցիալական խարտիայի, ԱՄԿ 155 և 187 կոնվենցիաների շրջանակում, որոնք կարևորում են ազգային ռազմավարությունների մշակումը և աշխատանքի վայրում աշխատողների առողջության և անվտանգության ապահովումը։

Փորձագետները ներկայացրին ոլորտում առկա հիմնախնդիրները և հանդես եկան մի շարք առաջարկներով՝ աջակցելու գործատուներին աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ներքին քաղաքականության մշակման և այն միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթացներում։

ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանն ընդգծեց Միության պատրաստակամությունը համագործակցելու գործատուների իրազեկվածության բարձրացման, անվտանգ ու առողջ աշխատանքային միջավայրի ձևավորման, ինչպես նաև այդ քաղաքականության ներդրման ուղղությամբ։

Գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը կարևորեց տարբեր թեմատիկ սեմինարների և խորհրդատվական հանդիպումների կազմակերպումը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է խթանել այն ընկալումը, որ անվտանգ աշխատանքային միջավայրը ոչ միայն աշխատողների բարեկեցության, այլև բիզնեսի կայուն զարգացման և արդյունավետության առանցքային նախապայման է։

Հանդիպման վերջում ձեռք բերվեց պայմանավորվածություն` շարունակել համագործակցությունը և մշակել առաջիկայում միջոցառումների իրականացման հստակ գործողությունների պլան։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ