Քննարկվեցին երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները

13-10-2026
Քննարկվեցին երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները

Հոկտեմբերի 9-ին Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Քննարկման առանցքում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն էին, ընթացիկ ծրագրերը և իրավական դաշտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները։

Նախարար Արսեն Թորոսյանն ընդգծեց երեխաների իրավունքների պաշտպանության միասնական, հասանելի և կայուն համակարգի ձևավորման գործում պետական մարմինների, համայնքների, հասարակական կազմակերպությունների և մյուս շահագրգիռ կողմերի համագործակցության ամրապնդման կարևորությունը։

Նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը ներկայացրեց ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, մատուցվող ծառայությունների շրջանակը, օրենսդրական նոր կարգավորումները, ընթացիկ միջոցառումներն ու նախաձեռնությունները։

Նիստի ընթացքում հասարակական խորհրդի անդամները հարցուպատասխանի ձևաչափով բարձրաձայնեցին մի շարք հարցեր, ներկայացրեցին իրենց առաջարկություններն ու դիտարկումները։

Հայաստանի գործատուների հանրապետական միությունից նիստին մասնակցում էր գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, ով առաջարկեց մշակել գործատուների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության խթանման համակարգ՝ դիտարկելով սոցիալական կրեդիտների ներդրման հնարավորությունը։ Նման մեխանիզմը կարող է խրախուսել մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը ինչպես երեխաների իրավունքների պաշտպանության, այնպես էլ աշխատանքի վրա հենված կրթության կազմակերպման գործընթացներում՝ նպաստելով սոցիալական նախաձեռնությունների ընդլայնմանն ու կրթության և աշխատաշուկայի միջև կապի ամրապնդմանը։ Կարևորվեց պետություն–բիզնես համագործակցության այնպիսի գործիքների ձևավորումը, որոնք գործատուների սոցիալական ներդրումները կդարձնեն համակարգված, չափելի և հանրային արժեք ստեղծող։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ