Քննարկվեցին Հայաստան–ԵՄ համագործակցության հեռանկարները

04-11-2025
Քննարկվեցին Հայաստան–ԵՄ համագործակցության հեռանկարները

Հոկտեմբերի 29–ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Եվրանեսթ ԽՎ 12-րդ լիագումար նստաշրջանի շրջանակում կայացած միջոցառումը՝ «Հայաստան–ԵՄ համագործակցություն. կայունություն, նորարարություն և ինտեգրացիայի խթանում» խորագրով, որին մասնակցում էին պատգամավորներ ՀՀ Ազգային ժողովից, Եվրոպական խորհրդարանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներ։

Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի Եվրոպական Բիզնես ասոցիացիայի (EBA) և Գերմանիայի Արևելյան Բիզնես ասոցիացիայի համատեղ համագործակցությամբ՝ միավորելով քաղաքական, գործարար և փորձագիտական շրջանակներին «Policy Meets Business» ձևաչափում։

Միջոցառման ընթացքում փորձագիտական կարծիքներ ներկայացրեցին Եվրանեսթ ԽՎ համանախագահ Սերգեյ Լագոդինսկին, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը, Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրերի ղեկավար Յոսիպ Յուրիչը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ԵՄ անդամ պետությունների և Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանականներ և Հայաստանի բիզնես համայնքի ներկայացուցիչներ։

Քննարկումները կենտրոնացած էին մի շարք հիմնական ոլորտների վրա, որոնք կարևոր են Հայաստանի և տարածաշրջանի համար, մասնավորապես՝ ներդրումային միջավայրի բարելավում, նորարարության էկոհամակարգերի աջակցություն և թվային տրանսֆորմացիայի խթանում, կիբեռանվտանգության ապահովում, վերականգնվող էներգիայի և կանաչ տնտեսության զարգացում (ԵՄ «Կանաչ գործարք» նախաձեռնություն և «Carbon Border Adjustment Mechanism» (CBAM) մեխանիզմի ազդեցության քննարկում), ձեռներեցության դերի խթանում, ՀՀ–ԵՄ համագործակցության ընդլայնում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) և տարածաշրջանային լայն նախաձեռնությունների շրջանակներում։

Միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը, ով ներկայացրեց Միության պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը ԵՄ գործընկերների հետ և միավորելու ջանքերը բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորման ուղղությամբ։  

Մտքերի փոխանակումներն ընդգծեցին արդեն ձեռք բերված առաջընթացը և լայն հնարավորությունները, որոնք առկա են Հայաստանի կայունության և տնտեսության զարգացման համար ԵՄ–Արևելյան գործընկերության հարթակում։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ