Քննարկվեցին հանրային սննդի ոլորտում HACCP համակարգի ներդրման հարցերը
Հուլիսի 31-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում կայացավ աշխատանքային հանդիպում Երևանում գործունեություն իրականացնող մի շարք ռեստորանների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հանրային սննդի ոլորտում HACCP համակարգի (Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգ) ներդրման, պահպանման և գործնական կիրառման հետ կապված հարցերը, ինչպես նաև ոլորտի ներկայացուցիչներին հուզող խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀԳՀՄ անդամ, Ռեստորանատերերի շահերի և իրավունքների պաշտպանության միության նախագահ Հասմիկ Բարխուդարյանը, ով ներկայացրեց ոլորտի ներկայացուցիչներին հուզող հիմնական հարցերն ու կարևորեց պետական մարմինների հետ նման ձևաչափով հանդիպումների պարբերաբար կազմակերպումը իրավակիրառական հստակեցումների ապահովման նպատակով։

Հանդիպման ընթացքում ոլորտի ներկայացուցիչները մասնակցեցին գործնական իրազեկման դասընթացի, ստացան իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների հետ քննարկեցին համակարգի ներդրման, պահպանման և վերահսկողության գործնական առանձնահատկությունները։ Քննարկման ընթացքում նաև հստակեցվեցին հետագա համագործակցության ձևաչափերն ու մեխանիզմները։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ Նարե Սարգսյանը նշեց, որ HACCP համակարգի արդյունավետ կիրառումը կարևոր քայլ է հանրային սննդի ոլորտում սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացման, հնարավոր թունավորումների կանխարգելման և բնակչության առողջության պաշտպանության ուղղությամբ։ Միևնույն ժամանակ արձանագրվեց, որ, չնայած մինչ այժմ իրականացված իրազեկման աշխատանքներին` հանրային սննդի ոլորտում, մասնավորապես՝ ռեստորանների և սրճարանների շրջանում, դեռևս պահպանվում են համակարգի ներդրման, կիրառման և պահանջներին համապատասխանության ապահովման վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ և գործնական հարցեր։ Ուստի կարևոր է շարունակել մասնագիտական պարզաբանումների տրամադրումը, փորձի փոխանակումը և պետական մարմինների հետ անմիջական երկխոսությունը՝ պահանջների միասնական ընկալումն ու արդյունավետ կիրառումն ապահովելու համար։
Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին շարունակել համատեղ աշխատանքը՝ կազմակերպելով նոր իրազեկման միջոցառումներ և մասնագիտական քննարկումներ, որպեսզի HACCP համակարգի ներդրումը ոլորտի բոլոր տնտեսավարողների համար լինի հնարավորինս պարզ, հասկանալի և արդյունավետ։ Ինչպես նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն ներկայացնել քննարկված խնդիրներին վերաբերող առաջարկությունների համատեղ փաթեթ` ուղղված հանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման բարենպաստ միջավայրի և մեխանիզմների ներդրմանը:
Որպես գործատուների շահերը ներկայացնող և պաշտպանող կառույց` Հայաստանի գործատուների հանրապետական միությունը պատրաստակամ է շարունակաբար աջակցելու անդամ կազմակերպություններին՝ օրենսդրական պահանջների պատշաճ կատարման, իրազեկվածության բարձրացման և ոլորտում սահմանված չափանիշների առավել արդյունավետ իրականացման ուղղությամբ։


ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: