Քննարկվեցին Միության և ԱՄՆ դեսպանատան համագործակացության ընդլայնման հնարավորությունները

13-07-2026
Քննարկվեցին Միության և ԱՄՆ դեսպանատան համագործակացության ընդլայնման հնարավորությունները

Հուլիսի 9-ին Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը հյուրընկալեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Անտոնյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան–ԱՄՆ համագործակցության խորացման համատեքստում գործարար համայնքի համար նոր հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև մասնավոր հատվածի կարողությունների զարգացմանը նպաստող նախաձեռնություններին առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց գործարար կապերի ընդլայնմանը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, նորարարությունների խթանմանը, ինչպես նաև շինարարության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

Լիլիթ Ադամյանը ներկայացրեց Հայաստանի գործատուների հանրապետական միության գործունեության հիմնական ուղղությունները, անդամ ընկերությունների ներուժը և քննարկեց հայ գործարարների համար փորձի փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունները` ԱՄՆ-ում գործող բիզնես ասոցիացիաների և գործարարների հետ համագործակցությամբ։ Նա վստահություն հայտնեց, որ նման նախաձեռնությունները հնարավորություն կտան հայ գործարարներին ծանոթանալ ամերիկյան լավագույն բիզնես փորձին, կառավարման ժամանակակից մոտեցումներին, նոր տեխնոլոգիաներին և միջազգային շուկաներում գործունեության առանձնահատկություններին՝ նպաստելով նրանց մրցունակության բարձրացմանն ու միջազգային շուկաներում առավել արդյունավետ գործունեությանը։

Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ, «Սանդոյան Մենեջմենթ Քոնսալթինգ» ընկերության հիմնադիր տնօրեն Մարինա Սանդոյանը, ով, որպես բիզնես խորհրդատու, ներկայացրեց մասնավոր հատվածի առջև ծառացած հիմնական մարտահրավերները` ընգծելով ժամանակակից կառավարման մոտեցումների ներդրման, ֆինանսական գործիքների հասանելիության ընդլայնման և միջազգային համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին շարունակել քննարկումները՝ ուղղված այնպիսի նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը, որոնք կնպաստեն հայ գործարարների մրցունակության բարձրացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և նոր գործընկերությունների ձևավորմանը։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ