Քննարկվեցին քրեական վարույթների շրջանակներում տնտեսվարողների իրավունքների պաշտպանության հարցերը

25-11-2026
Քննարկվեցին քրեական վարույթների շրջանակներում տնտեսվարողների իրավունքների պաշտպանության հարցերը

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը՝ «Քրեական վարույթների շրջանակներում տնտեսվարող սուբյեկտների իրավունքների և ազատությունների պատշաճ երաշխավորմանն առնչվող գործնական խնդիրներ» թեմայով։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշեց, որ խորհուրդը ստեղծվել է մի քանի ամիս առաջ և միավորում է գործարար համայնքի, քաղաքացիական հասարակության, մասնագիտական միավորումների ներկայացուցիչներին, անկախ փորձագետներին և նպատակ ունի ձևավորել համագործակցության արդյունավետ հարթակ՝ ոլորտում առկա խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված համակարգային մոտեցումների մշակման համար։

Անդրադառնալով քննարկվող թեմայի կարևորությանը՝ Պաշտպանը նշեց, որ տնտեսվարող սուբյեկտների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը իրավական պետության կարևոր բաղադրիչներից է, և քրեական վարույթի շրջանակներում իրականացվող ցանկացած գործընթաց պետք է ուղեկցվի մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ երաշխիքների պահպանմամբ։

Նիստին անդրադարձ կատարվեց քրեական վարույթի շրջանակներում տնտեսվարող սուբյեկտների իրավունքների սահմանափակման իրավաչափության ապահովմանն առնչվող գործնական խնդիրներին։ Խորհրդի անդամները հանրավորություն ունեցան ներկայացնել իրենց դիտարկումները, բարձրաձայնել ոլորտում արձանագրվող խնդիրները և կարծիքներ փոխանակել դրանց լուծման հնարավոր ուղիների շուրջ։

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը ներկայացնում էր Սերգեյ Ներսեսյանը, ով բարձրացրեց գործարարների գործունեությանը խոչընդոտող մի շարք կարևոր գործնական խնդիրներ։ Մասնավորապես, առաջարկվեց քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ գործողությունների ավարտից հետո առգրավված համակարգիչները հնարավորինս արագ վերադարձնել տնտեսվարողներին, իսկ հարկային ճշգրտումներն իրականացնել համապատասխան հարկային ստուգումների շրջանակներում՝ խուսափելով վաղեմության ժամկետների հետ կապված խնդիրներից։ ՀԳՀՄ ներկայացուցչի կողմից բարձրացված հարցերն ընդունվեցին ի գիտություն` հետագա աշխատանքներում հաշվի առնելու նպատակով։

Ամփոփելով քննարկումը՝ կարևորվեց բարձրացված հարցերի շարունակական ուսումնասիրության, իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված համագործակցության զարգացումը։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ