Սոցիալական գործընկերության նոր փուլ Հայաստանում․ ի՞նչ է փոխում եռակողմ պայմանագիրը

03-02-2026
Սոցիալական գործընկերության նոր փուլ Հայաստանում․ ի՞նչ է փոխում եռակողմ պայմանագիրը

Օրերս ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության և Արհմիությունների կոնֆեդերացիայի միջև ստորագրվել է եռակողմ համագործակցության պայմանագիր, որը կարող է հիմք դնել սոցիալական գործընկերության նոր ձևաչափի ձևավորմանը Հայաստանում։
Ի՞նչ մանդատ ունի Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, ինչպիսի՞ լծակներով է այն պաշտպանում գործատուների շահերը և ի՞նչ դերակատարում կարող է ունենալ նոր ստորագրված համաձայնագրի շրջանակում։ Այս և Միության գործունեության վերաբերյալ ejc.am-ի  հարցերին պատասխանել  է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։

-Պարո՛ն Համբարձումյան, կներկայացնե՞ք՝ ի՞նչ կառույց է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը:
-Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) շահույթ չհետապնդող, ոչ պետական կազմակերպություն է: Այն եզակի առաքելություն ունեցող կառույց է, որը հանդիսանում է սոցիալական գործընկերության եռակողմ ձևաչափի հիմնասյուներից մեկը՝ ՀՀ կառավարության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) հետ միասին։ Սա պարզապես գործարարների միավորում չէ, այլ ինստիտուցիոնալ հարթակ, որի հիմնական նպատակը գործատուների շահերի համակարգված պաշտպանությունն է թե՛ ներպետական, թե՛ միջազգային մակարդակներում։

Միությունը հիմնադրվել է 2007թ. նոյեմբերին, աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաների պահանջների, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի», ՀՀ «Գործատուների միությունների մասին» օրենքի հիման վրա։

Մեր կառույցը միավորում է ճյուղային և տարածքային միություններ, ինչպես նաև խոշոր, միջին ու փոքր ձեռնարկություններ։ Մենք հանդես ենք գալիս որպես կամուրջ բիզնեսի և պետության միջև՝ ակտիվորեն մասնակցելով օրենսդրական դաշտի բարելավմանը, աշխատաշուկայի կարգավորմանը և գործարար միջավայրի զարգացմանը։ Մեր գործունեությունը միտված է նրան, որ գործատուն լինի լսելի և պաշտպանված, իսկ տնտեսական «խաղի կանոնները» լինեն թափանցիկ և կանխատեսելի։

Միության առաքելությունն է խթանել բիզնես միջավայրի շարունակական բարելավումը, պաշտպանել բիզնես համայնքի և գործատուների շահերը՝ ուղղորդելու դեպի տնտեսական աճ և բարեկեցություն:

-Տեղյակ ենք, որ «Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքում նախատեսվում են փոփոխություններ: Որո՞նք են այդ փոփոխությունների հիմնական նպատակները, և ի՞նչ նոր հնարավորություններ են դրանք ստեղծելու միության համար:
-Այո, այս պահին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Այդ նախագծով նախարարությունն, ի թիվս այլ դրույթների, առաջարկում է վերանայել գործունեության մակարդակները՝ մասնավորապես հրաժարվելով տարածքային միությունների մոդելից: Սա տրամաբանական քայլ է, քանի որ Հայաստանի տարածքի փոքրությունը թույլ չի տալիս տարածքային բաժանումն օգտագործել արդյունավետորեն, և այն ավելի շատ վարչարարական բարդություններ է ստեղծում, քան օգուտ տալիս:

Օգտվելով այս առիթից՝ մենք ներկայացրել ենք մեր առաջարկների փաթեթը, որոնք ուղղված են Միության ինստիտուցիոնալ հզորացմանը: Մեր կողմից ներկայացված առանցքային փոփոխություններից մեկն այն է, որ Միությունն այսուհետ կկարողանա միավորել ոչ միայն ճյուղային միություններին, այլև գործատու անդամ ունեցող ոչ առևտրային կազմակերպություններին, այդ թվում՝ ասոցիացիաներին: Սա նշանակում է, որ այն գործատուները, ովքեր արդեն իսկ միավորված են տարբեր հասարակական կազմակերպություններում, և այդ կազմակերպությունները հանդիսանում են ՀԳՀՄ անդամ, օրենքի իմաստով կհամարվեն ՀԳՀՄ-ի կողմից միավորված անդամներ: Սա մեզ թույլ կտա ապահովել գործատուների շահերի ներկայացվածության շատ ավելի լայն ծածկույթ:

Մենք առաջարկել ենք նաև նախագծում ներառել դրույթներ, որոնք վերաբերում են Միության ֆինանսական ինքնաբավությանը և գործառնական հնարավորություններին: Մասնավորապես, Միությունն իրավունք կստանա իր կանոնադրական նպատակներին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն և ստացված շահույթն ուղղել բացառապես կանոնադրական նպատակների իրագործմանը:

Այս փոփոխությունները Միությանը կտան անհրաժեշտ ռեսուրսներ և իրավական գործիքներ՝ ավելի ակտիվ մասնակցելու գործատուներին առնչվող օրենսդրության մշակմանը և նրանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես հանրապետական, այնպես էլ ճյուղային մակարդակներում:

-Գործարարների համար ամենակարևոր հարցը. ի՞նչ առավելություններ է տալիս անդամակցությունը ձեր Միությանը, և ինչո՞ւ պետք է գործատուն ընտրի հենց այս հարթակը։
-Մեր Միությանն անդամակցելը գործատուի համար ոչ թե լոկ ձևականություն է, այլ կոնկրետ գործիքակազմ՝ բիզնեսի պաշտպանության և զարգացման համար։ Մենք անդամակցության առավելությունները խմբավորել ենք երեք հիմնական ուղղություններով.

Իրավական պաշտպանություն և իրազեկում
Մեր անդամները շաբաթական կտրվածքով ստանում են իրազեկում տնտեսական ոլորտի բոլոր օրենսդրական նախագծերի և փոփոխությունների վերաբերյալ։ Բացի հեռախոսային և անհատական խորհրդատվությունից, Միությունն ապահովում է անդամների շահերի պաշտպանությունը վարչական մարմինների կողմից իրականացվող ստուգումների և վարչարարության ընթացքում։ Մենք ոչ միայն սովորեցնում ենք հարկային և աշխատանքային օրենսդրությունը սեմինարների միջոցով, այլև բիզնեսի վերհանած խնդիրները վերածում ենք օրենսդրական առաջարկների և ներկայացնում պետությանը։ Այս ամենն իրականացվում է ինստիտուցիոնալ բարձր մակարդակով, քանի որ Միությունը ներկայացված է պետական կառավարման առանցքային օղակներում: Մենք անդամակցում ենք ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին և ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդին: Բացի այդ, Միությունը ներկայացված է ինը նախարարությունների նախարարներին և երկու պետական կոմիտեների ղեկավարներին կից գործող հասարակական խորհուրդներում: Սա նշանակում է, որ մեր անդամների բարձրացրած յուրաքանչյուր խնդիր հասնում է որոշում կայացնողներին, և մենք հնարավորություն ունենք ներազդելու տնտեսական քաղաքականության ձևավորման վրա հենց սկզբնական փուլում:

Աշխատաշուկա և կադրային քաղաքականություն
Միությունը գործատուին հնարավորություն է տալիս համալրել թափուր աշխատատեղերը մեր կադրային բանկից կամ զբաղվածության պետական ծրագրերով, որոնք ենթադրում են աշխատավարձի և հարկերի փոխհատուցում։ Ավելին, մեր անդամներն իրավունք են ստանում ներկայացուցիչներ ունենալ կրթական հաստատությունների կառավարման խորհուրդներում և մասնակցել ուսումնական ծրագրերի մշակմանը՝ կրթությունը հարմարեցնելով իրենց բիզնեսի իրական պահանջներին։

Մենք չենք սահմանափակվում միայն տեսական առաջարկներով: Լավագույն գործնական օրինակը մեր անդամ Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի նախաձեռնությունն է ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում: Այստեղ բիզնեսը՝ ի դեմս 42 հաշվապահական գրասենյակների, իրականացրել է լսարանների ամբողջական նորոգում և վերազինում ժամանակակից տեխնիկայով, որպեսզի ուսանողը սովորի այնպիսի պրոֆեսիոնալ միջավայրում, որտեղ հետագայում իրականացնելու է իր աշխատանքային գործունեությունը: Սակայն սա միայն նյութական աջակցություն չէ. մենք սահմանել ենք շարունակական կրթաթոշակներ լավագույն ուսանողների համար: Սա ստեղծում է առողջ մրցակցություն և իրական մոտիվացիա, որպեսզի երիտասարդը ձգտի մասնագիտական բարձրակարգ գիտելիքների՝ վստահ լինելով, որ իր ջանքերը գնահատված են բիզնեսի կողմից դեռևս ուսումնառության փուլում: Սա այն մոդելն է, երբ գործատուն չի սպասում պատրաստի կադրի, այլ ինքն է ներդրում անում կադրերի պատրաստման գործում՝ կամուրջ ստեղծելով քոլեջի և իրական աշխատաշուկայի միջև:

Շուկայական առաջխաղացում և միջազգային կապեր

Սա թերևս ամենագրավիչ ուղղություններից է։ Մենք ապահովում ենք մեր անդամների մասնակցությունը տեղական և միջազգային ցուցահանդեսներին՝ հաճախ արտոնյալ կամ անվճար պայմաններով։ Մեր երաշխավորագրերն ու բնութագրերն օգնում են բիզնեսին վստահություն ձեռք բերել բանկերի, միջազգային կառույցների և պետական մարմինների մոտ։ Մենք նաև օգտագործում ենք Միության մեդիա գործիքները՝ սոցիալական հարթակներից մինչև մամլո ասուլիսներ, մեր անդամների գործունեությունը հանրահռչակելու համար։

Կարճ ասած, անդամակցելով Միությանը՝ գործարարը ձեռք է բերում ուժեղ թիկունք, վստահելի գործընկերներ և իր ձայնը պետական մակարդակով լսելի դարձնելու իրական հնարավորություն։

Աջակցություն սկսնակ բիզնեսներին
Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում սկսնակ ձեռնարկատերերին՝ օգնելով նրանց ճիշտ կողմնորոշվել հարկային և իրավական դաշտում, ինչպես նաև ձեռք բերել ձեռնարկատիրական հմտություններ: Միության գործունեության կարևորագույն էջերից է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացված աջակցության ծրագրերը: Մենք չենք սահմանափակվել միայն խորհրդատվությամբ. իրականացրել ենք թիրախային ուսուցում և վերապատրաստում, որպեսզի նրանք կարողանան արագ ինտեգրվել Հայաստանի աշխատաշուկայում կամ հիմնել սեփական փոքր բիզնեսը: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տնտեսական ինտեգրման մեկ ծրագիր իրականացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ/ILO) հետ սերտ համագործակցությամբ: Այս ծրագրի կարևորությունը բարձր է գնահատվել ԱՄԿ բարձրաստիճան մեր գործընկերների կողմից, ովքեր անձամբ են հետևել իրականացվող դասընթացներին և վերապատրաստումներին: Սա Միության սոցիալական առաքելությունն է՝ կանգնել հայրենակիցների կողքին ամենադժվար պահին և տալ նրանց տնտեսական ինքնաբավության հասնելու իրական հնարավորություն:

 -2026 թվականի հունվարի 23-ին տեղի ունեցավ ձեր կառույցի համար երկար սպասված իրադարձություն. կնքվեց Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը։ Ի՞նչ նշանակություն ունի այս եռակողմ պայմանագիրը Հայաստանի տնտեսության համար, և ո՞րն է Գործատուների միության դերն այս գործընթացում։
 -Իսկապես, սա պատմական իրադարձություն էր, որն ամփոփեց մեր բազմամյա ջանքերը։ ՀՀ կառավարության, Գործատուների հանրապետական միության և Արհմիությունների կոնֆեդերացիայի միջև կնքված այս եռակողմ պայմանագիրը սոցիալական գործընկերության կայացած լինելու լավագույն ապացույցն է։ Ինչպես նշեցի իմ ելույթում, սա մեր երկրում աշխատանքային հարաբերությունների զարգացման նոր փուլ է։

Այս գործընթացի շարժիչ ուժը Հանրապետական եռակողմ հանձնաժողովն է, որտեղ կայացվում են բոլոր ռազմավարական որոշումները։ Կարևոր է շեշտել, որ հանձնաժողովը գործում է իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքով. այստեղ գործում է նախագահության ռոտացիոն կարգ։ Սա նշանակում է, որ կողմերը՝ Կառավարությունը, Գործատուները և Արհմիությունները, հերթականությամբ ստանձնում են հանձնաժողովի նախագահությունը, ինչը երաշխավորում է, որ որևէ կողմ չունի գերիշխող դիրք, և յուրաքանչյուրիս ձայնը լսելի է ու կշիռ ունի։ Կարևոր է նաև միջազգային հնչեղությունը. միջոցառմանը մասնակցում էին ԱՄԿ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր վերահաստատեցին իրենց աջակցությունը։ Պայմանագիրն ուղղված է ապագային. այն խթանում է թվային տեխնոլոգիաների ներդրումը և գործատուների ակտիվ ներգրավվածությունը կրթական համակարգում՝ ապահովելով գիտելիքահեն տնտեսության զարգացումը։ Այս պայմանագրի հիմնական նպատակն է սահմանել աշխատանքային իրավունքների, սոցիալական երաշխիքների և տնտեսական անվտանգության այն նվազագույն շեմը, որը պետք է գործի ողջ հանրապետության տարածքում։ Միության համար սա ռազմավարական հաղթանակ է, քանի որ մենք կարողացանք բանակցությունների սեղանի շուրջ հավասարակշռել բիզնեսի շահերն ու աշխատողների սոցիալական պաշտպանվածությունը։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կոլեկտիվ պայմանագրերն այն հիմքն են, որոնց վրա կառուցվում է կայուն տնտեսությունը։ Դրանք նվազեցնում են աշխատանքային վեճերը, բարձրացնում են աշխատանքի արտադրողականությունը և ձևավորում են փոխադարձ վստահության մթնոլորտ։ Մեր Միությունը ստանձնել է այս պայմանագրի դրույթների կատարման մոնիթորինգի և գործատուների շրջանում դրանց արդյունավետ ներդրման պատասխանատվությունը։ Մենք սրանով հստակ ուղերձ ենք հղում, որ հայ գործատուն պատրաստ է քաղաքակիրթ երկխոսության և սոցիալական բարձր պատասխանատվության։

Սա որակապես նոր մակարդակ է մեր երկրի համար։ Միության համար առանցքային է այն փաստը, որ պայմանագրի կողմ է հանդիսանում Կառավարությունն իր ողջ կազմով և լիազորություններով։ Սա լուրջ երաշխիք է գործատուների համար, որ բարձրացված հարցերը կստանան համակարգային լուծումներ բոլոր մակարդակներում։

Այլ նորություններ #tag-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ