Կրթություն-աշխատաշուկա համագործակցության շրջանակներում` ՀՀ բուհերի ուսանողների աջակցությունը մրցույթներում

20-04-2022
Կրթություն-աշխատաշուկա համագործակցության շրջանակներում` ՀՀ բուհերի ուսանողների աջակցությունը մրցույթներում

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը իրատեսորեն գնահատելով ՀՀ-ում աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան որակյալ կադրերի անհրաժեշտությունը, երիտասարդների զբաղվածության և արժանապատիվ աշխատանք ունենալու հրամայականը, կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները, կրթություն - գիտություն - արտադրություն կապի շարունակական զարգացման և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, ամեն տարի տարբեր ձևաչափերով նախաձեռնում և աջակցում է միջազգային տարբեր հարթակներում ՀՀ տարբեր բուհերի ուսանողներին` մասնակցելու միջազգային ուսանողական մրցույթներին, ներկայացնելու իրենց կարողությունները, հմտություններն ու գիտելիքները:

ՀԳՀՄ ԱՐՄԵՆՊԱԿ ճյուղային միությունը 2021թ. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայն մասնագիտության ուսանողների 4 աշխատանք ներկայացրեց փաթեթավորման և պիտակավորման ուսանողական լավագույն աշխատանքների «ԼԱՐՈՎԻ ՆԱՐԻՆՋ - 2021» («ЗАВОДНОЙ АПЕЛЬСИН-2021») միջազգային մրցույթին:

Մրցույթին ներկայացվել էին 4 երկրների 25 ուսումնական հաստատություններից ավելի քան 120 աշխատանքներ:

Հարկ է նշել, որ մրցույթի ժյուրին իր կազմում ընդգրկել էր միջազգային չափանիշներով շատ բարձ պրոֆեսիոնալների:

Հայաստանից ներկայացված 4 աշխատանքներից մեկը արժանացավ արծաթե դիպլոմի, իսկ մյուսը՝ դափնեկրի պատվավոր դիպլոմի:

Մրցույթի կազմակերպիչները հատուկ դիպլոմների էին շնորհել ԱՐՄԵՆՊԱԿ միության նախագահ՝ Սուրեն Չիբուխչյանին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոնի վարիչ Կարինե Թումանյանին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանին:

2021թ. Ժողովուրդների բարեկամության Ռուսաստանի պետական համալսարանի կողմից կազմակերպվեց ուսանողական միջազգային ֆորում «Евразийская экономическая перспектива», որի նպատակն էր թիմային աշխատանքով զարգացնել տարբեր երկրների ուսանողների բիզնես գաղափարները և նախաձեռնությունները ապրանքների և ծառայությունների մատուցման նոր շուկաների ձեռքբերման նպատակով: Հարկ է նշել, որ թիմային աշխատանքում ընդգրկված էին տարբեր համալսարանների ավելի քան 40 ուսանողներ: ԱՐՄԵՆՊԱԿ միության անմիջական նախաձեռնությամբ ֆորումին մասնակցեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից մագիստրոսական կրթական ծրագրով երկու ուսանողներ՝ Արամ Շահգելդյանը և Միհրան Սարգսյանը: Ուրախալի է, որ ֆորումի կազմակերպիչները բարձր գնահատելով մեր ուսանողների գիտելիքներն ու կարողությունները նրանց արժանացրին պատվավոր դիպլոմների:

Ապրիլի 15-ին ՀԳԱՀ նախագահ Գագիկ Մակարյանը իր շնորհավորական խոսքում հատուկ ուշադրության արժանացրեց նման միջազգային միջոցառումներին հայ ուսանողների մասնակցության կարևորությունը, որը լավագույն հարթակ է ներկայացնելու մասնագիտական գիտելիքներն ու կարողություններ: Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի դահլիճում ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը և ՀԳՀՄ փոխնախագահ Սուրեն Չիբուխչյանը հանդիսավոր պայմաններում հանձնեցին դիպլոմների արժանացած ուսանողներին և դասախոսական կազմին նրանց վաստակած մրցանակները:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ