Տեղի ունեցավ գործատուների կարողությունների հզորացման երկօրյա արտագնա դասընթաց
Նոյեմբերի 21-22-ը Ծաղկաձորի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ գործատուների կարողությունների հզորացման երկօրյա դասընթաց՝ ուղղված Եվրոպական սոցիալական խարտիայի (ԵՍԽ) և միջազգային աշխատանքային չափանիշների վերաբերյալ գործատուների իրավական գիտելիքների և իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Արտագնա դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի աջակցությամբ «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Դասընթացը միտված էր Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամների ներուժի զարգացմանը՝ ամրապնդելով նրանց գիտելիքները միջազգային և ազգային աշխատանքային չափորոշիչների վերաբերյալ, ծանոթացնելով Եվրոպական սոցիալական խարտիային և դրա՝ գործատուների համար առավել կարևոր դրույթներին, ներառյալ՝ աշխատանքի անվտանգության և առողջության, հավասար վարձատրության, ինչպես նաև գենդերային հավասարության և աշխատավայրում ոտնձգությունների կանխարգելման հարցերին։


Երկօրյա աշխատաժողովին մասնակցեցին ՀԳՀՄ 25 անդամ կազմակերպությունների ղեկավարներ, ովքեր ներկայացնում էին մասնավոր հատվածի տարբեր ոլորտներ։


Դասընթացի մասնակիցներին ողջունեցին Եվրոպայի խորհրդի ծրագրի համակարգող Տանյա Մոնտանարին, Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ծրագրերի ղեկավար Մարիամ Ալեքսանյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։


Իր բացման խոսքում ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը շեշտեց Եվրոպական սոցիալական խարտիայի հիմնարար դրույթների իմացության կարևորությունը գործատուների համար՝ ընդգծելով, որ դրանց տիրապետումը չափազանց կարևոր նախապայման է աշխատանքի հավասարության, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, ինչպես նաև գործատուների պատասխանատվության մշակույթի ամրապնդման համար։
Առաջին օրվա ընթացքում ներկայացվեց ՀՀ աշխատանքային օրենսդրության կառուցվածքը, գործատուների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև ԵՍԽ-ի և միջազգային չափորոշիչների համատեքստում առկա բացերը։ Քննարկվեցին համեմատական իրավական մոտեցումները և օրենսդրական բարելավման հնարավոր ուղիները։





Միջազգային փորձագետ Լինդա Մատիսանեն ներկայացրեց ԵՍԽ-ի համապատասխան դրույթները, աշխատանքի անվտանգության և առողջության միջազգային չափանիշները և գործատուների կողմից դրանց իմացության և կիրառության կարևորությունը։ Մասնակիցները ծանոթացան նաև Աշխատանքի Միջազգային Կազմակերպության համապատասխան կոնվենցիաներին, այնուհետև իրականացրեցին խնդիրների քարտեզագրում՝ համադրելով հայաստանյան փորձն ու համապատասխանությունը միջազգային չափորոշիչներին։




Դասընթացի երկրորդ օրվա ընթացքում միջազգային փորձագետ Լելա ԳվիՇիանիի հետ քննարկվեցին հարցեր հավասար հնարավորությունների և վարձատրության, ինչպես նաև աշխատավայրում բռնության և ոտնձգությունների կանխարգելման վերաբերյալ։ Ներկայացվեցին նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից 2025թ․ սեպտեմբերի 11-ին ընդունված «Բռնության և ոտնձգության մասին» ԱՄԿ թիվ 190-րդ կոնվենցիայի դրույթները և դրա կիրառման ուղիները Հայաստանում։



Դասընթացի ավարտին կազմակերպվեց փոքր խմբերով աշխատանք, մասնակիցները գործնական աշխատանքի միջոցով ներկայացրեցին հնարավոր քայլերը աշխատավայրում բռնության և ոտնձգությունների կանխարգելման, աշխատանքի անվտանգության և հավասարության ապահովման ուղղությամբ։ Քննարկվեցին միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կիրառած մոտեցումները։




Երկօրյա ինտենսիվ դասընթացը նպաստեց ՀԳՀՄ անդամների գիտելիքների ընդլայնմանը Եվրոպական սոցիալական խարտիայի հիմնարար դրույթների, աշխատանքի անվտանգության, առողջության պահպանման, հավասարության և աշխատավայրում ոտնձգությունների կանխարգելման վերաբերյալ։ Այն հնարավորություն տվեց մասնակիցներին խորությամբ ուսումնասիրել ՀՀ օրենսդրությունը միջազգային չափորոշիչների համատեքստում՝ ընդգծելով բացերը և խթանելով լավագույն փորձի կիրառումը։














ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
15-05-2021Պարենային անվտանգության համակարգը կարող է դառնալ տնտեսության տարբեր ճյուղերը ինտեգրելու և փոխկապակցելու անկյունաքար, ինչպես նաև տնտեսության զարգացման այլընտրանքային մոդել: ՀԳՀՄ-ն և Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) իրականացրել են Հայաստանի պարենային անվտանգության համակարգի բազմափուլ գնահատման ծրագիր, որի արդյունքում 2021թ. փետրվարի 5-ին կազմակերպվեց կոնֆերանս` քննարկելու այն հիմնաքարերը, որոնց շրջանակում ՀՀ պարենային անվտանգության համակարգը կարող է նպաստել տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը (մեր գնահատականով առկա են պարենի անվտանգության հետ կապված առնվազն 15 այդպիսի ճյուղային կապեր):
-
05-10-2014ALIGN ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների նպատակն էր աջակցել ՀՀ բուհերին՝ համաձայնեցնել ՀՀ կրթական ծրագրերը ՀՀ ազգային և ոլորտային կրթական պահանջներին: Թրեյնինգները ձևավորվել են TEMPUS ARMENQA և INARM ծրագրերի շրջանակում՝ համաձայն եվրոպական կրթական համակարգի պահանջների:
-
27-02-2020Կայացավ «Աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունը գործատուների համար» կոնֆերանս-քննարկումը, որը կազմակերպվել էր ՀԳՀՄ կողմից՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
-
30-04-20212021թ. ապրիլի 30-ին, ՀԳՀՄ 3 ներակայացուցիչները մասնակցեցին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության «Ռեսուրսների խնայողություն եւ մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) բաղադրիչի առաջընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ցուցադրել ՌԱՄԱ պրակտիկայի հնարավոր կիրառումը՝ հիմնված սննդի/գյուղատնտեսության, շինանյութի եւ քիմիական արդյունաբերության վրա, ինչպես նաեւ ստանալ առաջարկություններ շահագիգիռ այլ կազմակերպությունների հետ գործընկերության հնարավորությունների վերաբերյալ: